Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Քարդիֆում համաձայնագիր են ստորագրել Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու գործընթաց սկսելու մասին: Թագավորության կազմի մեջ մտնող երկրների ղեկավարները Բրիտանիայի կառավարությանը կոչ են արել պատրաստել սահմանադրական փոփոխություն՝ պնդելով, որ Լոնդոնն այլևս չի կարող անտեսել աճող աջակցությունն անկախության և Իռլանդիայի վերամիավորման գաղափարներին:
Ստորագրումից հետո մամուլի ասուլիսում Շոտլանդիայի առաջին նախարար Ջոն Սվինին հայտարարել է, որ ոչ մի խոչընդոտ չպետք է լինի երեք երկրների համար՝ որոշելու իրենց սեփական սահմանադրական ուղին: Նրա խոսքով՝ Շոտլանդիայում անհրաժեշտ է անկախության հանրաքվե անցկացնել մինչև 2031 թվականը՝ ներկայիս խորհրդարանի ժամկետի ավարտը: Սվինին նաև Էնդի Բըրնհեմին բնութագրել է որպես Միացյալ Թագավորության «վերջին վարչապետ»:
Ուելսի առաջին նախարար Ռին ափ Յորվերթն էլ հայտարարել է, որ այս նախաձեռնությունը միտված չէ Միացյալ Թագավորության մասնատմանը, այլ ուղղված է Ուելսի զարգացմանը:
Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Միշել Օ'Նիլն իր հերթին հիշատակել է ԱՄՆ նախագահի մեկնաբանությունները թեմայի շուրջ՝ նշելով, որ անկախության հարցով հետաքրքրված են ոչ միայն տեղացիները. հարցը նաև միջազգային արձագանք է ստանում:
Սեպտեմբերի 12-ին Դուբլին կատարած այցի ընթացքում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար տեսնել միավորված Իռլանդիա, և որ դա կարող է տեղի ունենալ շատ շուտով: Նրա խոսքով՝ Հյուսիսային Իռլանդիայի միացումն Իռլանդիայի Հանրապետությանը հիանալի կլիներ:
Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմից հայտարարել են, որ հարկավոր է կենտրոնանալ տնային տնտեսությունների ֆինանսական բեռի թեթևացման վրա, ոչ թե ներգրավվել սահմանադրական բանավեճերում կամ հետագա հանրաքվեներում: Վարչապետի խոսնակը նշել է, որ Էնդի Բըրնհեմը մտադիր է փոփոխություն բերել Միացյալ Թագավորության կազմի մեջ մտնող բոլոր չորս երկրներում և հավատում է միությանը:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան