Կանադան բանակցություններ է վարում Ուկրաինայի համար նախատեսված Եվրամիության 90 մլրդ եվրո վարկին միանալու վերաբերյալ: Այս մասին գրում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին: Պարբերականը նշում է, որ կողմերը մտադիր են կանադական ավանդի չափի շուրջ պայմանավորվել մինչև ԵՄ-Կանադա գագաթնաժողովը, որը տեղի կունենա հոկտեմբերի վերջին՝ Մոնրեալում:
Թերթի զրուցակիցների տեղեկություններով՝ վարկային ծրագրին Կանադայի մասնակցությամբ երկրի վարչապետ Մարկ Քարնին հույս ունի Եվրոպային ցույց տալ իր հավատարմությունն անդրատլանտյան կապերի ամրապնդմանը, որին նա ձգտում է՝ նվազեցնելու իր երկրի կախվածությունն ԱՄՆ-ից:
Առայժմ միակ երկիրը, որը ԵՄ-ի անդամ չէ և միանում է վարկին, Մեծ Բրիտանիան է։
Ինչպես նշում է FT-ն, Օտտավան արդեն 6,5 մլրդ կանադական դոլարի (մոտ 4,7 մլրդ ԱՄՆ դոլար) չափով ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային, իսկ սեպտեմբերի 10-ին Քարնին և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին 100-ամյա գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել, որը նախատեսում է համագործակցություն պաշտպանական նորարարությունների ոլորտում:
Ձգտելով աջակցություն ստանալ ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմում՝ Կանադան հույս ունի Եվրամիության հետ կնքել նաև այլ համաձայնագրեր, այդ թվում՝ միանալ ԵՄ գերհամակարգչային ցանցին՝ արհեստական բանականության ուղղությամբ համատեղ աշխատանքի համար, և թվային առևտրի համաձայնագիր ստորագրել Բրյուսելի հետ, հաղորդում է Financial Times-ը։