Մտածում եմ, որ օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ունենալը կարող է լինել գործոն, որ մարդուն առավելություն տա, օրինակ՝ մրցույթներում: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ հիմնական չափորոշիչները քննարկել են, դրանց մի մասը սահմանել են և առաջիկայում ցանկի հաստատման ուղղությամբ պետք է աշխատեն:
«Բայց ուզում եմ ասել՝ օրինապահությունը այդ չափանիշներից ամենակարևորներից մեկն է: Այսինքն՝ մենք չենք ասում, որ օրինապահը գնային առավելություն կստանա, բայց իրար հետ կմրցեն նրանք, ովքեր օրինապահ են: Այսինքն՝ մենք ինչ ենք անում. ասում ենք՝ հարկերը պատշաճ վճարելը և օրինապահ լինելն այն նախապայմաններից մեկն է, որը թույլ կտա այդ կառուցապատողին, շինարարներին՝ հայտնվել այդ կարճ ցուցակում: Հետո բոլոր՝ իրար նման օրինապահների միջև կանցկացնենք գնային հարցում, և ով կտա ամենացածր գինը, կիմանա, որ մրցում է իր նման բարեխիղճ հարկ վճարողների հետ և արդեն ամենացածր գինը տալով՝ կհայտնվի այդ պայմանագիրը վերցնելու տեղում»,- ասաց փոխվարչապետը:
Նա պարզաբանեց՝ այդ ընտրությունն այսօր էլ մենք ունենք:
Հիշեցնենք՝ Կառավարության նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնեց՝ նախագիծը վերաբերում է օրինապահության ինստիտուտի բարելավմանը, որը ներդրվել է 2021 թվականին՝ օրենքի մակարդակով, և նպատակ է ունեցել խրախուսելու հարկային կարգապահությունը՝ որպես մշակույթ արմատավորելու հարկերի վճարումը, ինչպես նաև ապահովելու հարկային վարչարարության շարունակական բարելավումը:
Նրա խոսքով՝ օրինապահ հարկ վճարողի համակարգը առավել գրավիչ դարձնելու, համակարգի ներդրման համար խրախուսման լրացուցիչ գործիքակազմ նախատեսելու, ինչպես նաև հավաստագրի տրամադրմանը վերաբերող կարգավորումները կատարելագործելու նպատակով այս փաթեթով առաջարկվում է կատարել փոփոխություններ: