ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (ՄՄՁԿ) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը և ՄՄՁԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը։
Հուշագրի նպատակն է սահմանել երկու կառույցների համագործակցության շրջանակը՝ ուղղված Հայաստանում էլեկտրոնային առևտրի էկոհամակարգի զարգացմանը և ոլորտի իրավակարգավորման դաշտի կատարելագործման համար առաջարկությունների մշակմանը: Համագործակցությունը միտված է հետազոտությունների և վերլուծությունների միջոցով խթանել մասնավոր հատվածի զարգացումը, ներդնել միջազգային լավագույն փորձը, աջակցել ապացույցների վրա հիմնված քաղաքականությունների մշակմանը և ապահովել շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավումը։
Հուշագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մի շարք ուղղություններով համագործակցություն, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի ոլորտում վերլուծական հետազոտությունների իրականացում և իրավակարգավորման բացերի բացահայտում, միջազգային փորձի ուսումնասիրություն և համեմատական վերլուծություն, քաղաքականության առաջարկությունների մշակում, պետություն-մասնավոր հատված երկխոսության խթանում և շահագրգիռ կողմերի ներգրավում, տեխնիկական փորձի և գիտելիքների փոխանակում։