Վերջին երեք տարում Կառավարությունը տեղական ինքնակառավարման ոլորտում սուբվենցիոն ծրագրերով 100 միլիոն դոլարի ներդրում է կատարել, որի ուղիղ կեսը՝ միայն այս տարի: ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ կազմակերպված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք երեկոյին իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - 2018-ից ասել եմ, որ Կառավարությունը որևէ համայնքային սուբվենցիոն ծրագիր, որոնք բովանդակային են, չպիտի մերժի: Այդ մոտեցումը շարունակվելու է, և ինչքան համայնքները կարողանան ներդում անել, այնքան Կառավարությունն իր ներդրման չափը մեծացնելու է: 100 միլիոն դոլար լրացուցիչ ներդրումը դա մի ներդրում է, որ ՀՀ համայնքները երբեք չեն ստացել Կառավարությունից, դա աննախադեպ թիվ է:
Վարչապետն ընդգծեց, որ հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ են կառուցվել, բայց դա չի արվել ընտրությունների, այլ քաղաքացիների համար, նշեց՝ համայնքները չեն բաժանել մերոնքականների և ձերոնքականների: Ընդգծեց նաև, որ ներդրած 100 միլիոն դոլարից ոչ մի կոպեկ իրենց նախաճաշի կամ ընթրիքի սեղանին չի հայտնվել։
Նիկոլ Փաշինյան - Նախկինում Հայաստանի Հանրապետության համայնքներն էին, պայմանականորեն ասած, 3 տարվա մեջ 100 միլիոն դոլար հավաքում, ուղարկում Երևան: Հիմա Կառավարությունն է 100 միլիոն դոլար և ավելի հավաքում և ուղարկում մարզեր, որովհետև երբ մենք ասում ենք Հայաստանի համաչափ զարգացում, դա մեզ համար հերթական գրանտը կամ վարկն ստանալու թեմա չէ, դա մի թեմա է, որը մենք զգում ենք մեր սրտում, ունենք մեր մտքում և ամեն օր ապրում ենք դրանով:
Խոսելով ՏԻՄ ընտրությունների մասին՝ վարչապետը նշեց՝ կառավարող ուժն արձանագրում է, որ ամեն տեղ չէ, որ պիտի հաղթեն:
Նիկոլ Փաշինյան - Սա նրանից չէ, որ մենք ամբիցիոզ չենք բառիս լավ իմաստով, մեր քաղաքական հավակնությունների կամ մեր նպատակադրումներն ու վճռականությունների նշաձողը նվազել է։ Ընդհակառակը, դա նրանից է, որ մեր քաղաքական վճռականության սկզբունքայնության նշաձողն ամեն անգամվա հետ ավելի ու ավելի բարձր է լինում, որովհետև նույնիսկ այն համայնքներում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվում է, այդ համայնքներում ՔՊ-ն հաղթում է, որովհետև ՔՊ-ն իշխանության է եկել համար մեկ կարգախոսով, որ ժողովուրդը որոշող է, և ժողովուրդն այսօր գիտի, որ որոշող է:
Երկրի ղեկավարի համոզմամբ՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ իր ձայնն անձեռնմխելի է: Անդրադառնալով Սյունիքը մաս-մաս հանձնելու խոսակցություններին՝ վարչապետը նշեց, թե որն է Սյունիքի հանձնման բանաձևը։
Նիկոլ Փաշինյան - 2018 թվականի դրությամբ՝ Սյունիքի մարզի նախադպրոցական տարիքի երեխաների 4 տոկոսն է ունեցել հասանելիություն մանկապարտեզների և նախադպրոցական հիմնարկների։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ 100 երեխայից միայն 4-ն են հնարավորություն ունեցել գնալ մանկապարտեզ 2018 թվականի դրությամբ Սյունիքի մարզում․ սա է Սյունիքի մարզի հանձնելը, երբ Սյունիքում ՀՀ մինչև 100 աշակերտ ունեցող երեխաների թվով Սյունիքը բացարձակ առաջատար էր 2018 թվականի դրությամբ, այսինքն՝ մինչև 4, 5, 10, 15, 20 աշակերտ ունեցող երեխաների թվով Սյունիքը ՀՀ-ում եղել է բացարձակ առաջատար։
Վարչապետը հայտնեց, որ Սյունիքի միայն մի համայնքում բոլոր երեխաներին կրթական պրոցեսի մեջ ներգրավելու համար Կառավարությունը 9 մլրդ դրամի հատկացում է անում։ Փաշինյանը նշեց՝ Հայաստանի պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ կառավարությունը մի համայնքում 9 մլրդ դրամի կրթական ծրագիր իրականացնի, բացառությամբ Երևանի ու Գյումրիի։
Նիկոլ Փաշինյան - 9 միլիարդներով անցնելու ենք բոլոր համայքներով՝ իմանալով, որ, այո՛, անվտանգությունն այսօր մեր ամենախոցելի տեղն է։ Բայց այդ անվտանգության մարտահրավերը չի ծագում այն ժամանակ, երբ մենք բոլորս տեսնում ենք, անվտանգության մարտահրավերը ծագում է այն ժամանակ, երբ մենք դա դեռ չենք տեսնում։ Երբ երկրի կրտսեր դպրոցն ավարտած աշակերտների 35 տոկոսը կարդալ չգիտի 2019 թվականի դրությամբ։
Վարչապետը հավելեց՝ այս հարվածներից չեն փախչելու, դրանք ընդունելու են և դիմակայելու են:
Նիկոլ Փաշինյան - Մենք մեր սրբազան նավն ալեկոծվող ծովի կենտրոնից հասցնելու ենք մեր երազանքների նավահանգստին, և թող որևէ մեկը սրանում չկասկածի։
Նշենք, որ ՏԻՄ ընտրություններ են սպասվում նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան