ՌԴ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
Նոյեմբերի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև՝ հայտնում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից: Նախարարները շարունակել են կարծիքների փոխանակումը 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հայտարարության հետ կապված:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առաջին ընթերցումը: Օրինագիծը ներկայացրել է պահպանողական խորհրդարանական Թիմ Լաութոնը, նպատակն է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այն ունի երեք հիմնական դրույթներ՝ 1. Օսմանյան կայսրության և դրան հարակից տարածքներում 1915-1923 թթ. ընթացքում հայության ջարդերի պաշտոնական որակում՝ որպես ցեղասպանություն. 2. ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ամենամյա ոգեկոչում. 3. Հայոց ցեղասպանության և դրան առնչվող մարդու իրավունքների ժամանակակից խախտումների ու պատերազմական հանցագործությունների վերաբերյալ կրթության և հանրային տեղեկացվածության խթանում։
ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԳԼԴԱՆԻ 18-ՐԴ ՔՀԿ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն տեղափոխել են Գլդանի 18-րդ քրեակատարողական հիմնարկի բուժհաստատություն: Սաակաշվիլու տեղափոխման մասին տեղյակ չեն եղել ո՛չ նախկին նախագահի մայրը, ո՛չ էլ փաստաբանը: Միխեիլ Սաակաշվիլին արդեն 40 օր է՝ ինչ հացադուլ է հայտարարել, նա ասել է, որ քաղցած կմնա մինչև մահ: Վրաստանում ընդդիմադիր կուսակցություններն այսօր ծրագրում են նոր բողոքի ցույցեր անցկացնել: Պաշտոնական Կիևը նոտա է հղել Թբիլիսիին՝ կոչ անելով Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլուն տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԻՐԱՌՎԵՆ «ԿԱՆԱՉ ԱՆՁՆԱԳՐԵՐ»
Վրաստանում դեկտեմբերի 1-ից ամենուր կկիրառվեն «կանաչ անձնագրեր»: Ղարիբաշվիլու խոսքով՝ «կանաչ» կարգավիճակ կունենա այն անձը, որը երկու անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, համավարակի ընթացքում վարակվել է կորոնավիրուսով կամ վերջին 72 ժամվա ընթացքում ՊՇՌ և 24 ժամվա ընթացքում արագ թեստի բացասական պատասխան ունի։ «Կանաչ անձնագրի» պահանջը կգործի 18 տարեկանից բարձր անձանց, նաև զբոսաշրջիկների համար։ Խորհրդի որոշմամբ՝ քաղաքացիները կարող են սննդի, ժամանցի կենտրոններ, կինոթատրոններ, օպերային թատրոններ, թանգարաններ, համերգասրահներ, խաղատներ և այլն վայրեր մտնել միայն «կանաչ անձնագրերով»:
ՄԻԳՐԱՑԻՈՆ ՃԳՆԱԺԱՄ ԼԵՀԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԻՆ
Լեհաստանն այսօր կփակի Բելառուսի հետ իր սահմանային անցակետերից մեկը` բելառուսական կողմում գտնվող միգրանտների՝ ցանկապատը ճեղքելու փորձից հետո: Համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնցում երևում է, որ միգրանտները փորձում են կոտրել ցանկապատն ու կտրել փշալարերը։ Լեհաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կանխել է փորձը: Լեհական կողմը սահմանի երկայնքով կենտրոնացրել է շուրջ 12 հազար զինծառայող: Ըստ որոշ լրատվամիջոցների՝ սահմանին հնչել են կրակոցներ: