500 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿՈՒՂՂՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՂՐՂԶՍՏԱՆԻՆ, ՏԱՋԻԿՍՏԱՆԻՆ
Եվրասիական զարգացման բանկը նախատեսում է 1.2 միլիարդ դոլար ներդրում անել կազմակերպության անդամ երկրների տնտեսություններում: Բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը նշել է, որ բանկի 2022-2026 թթ. ռազմավարությամբ առնվազն 500 միլիոն դոլար կուղղվի Հայաստանին, Ղրղզստանին և Տաջիկստանին՝ ի հավելումն այն գումարի, որը կարող է տրամադրել Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամը։ Խոսելով COVID-19-ի պատճառով 2020 թ. կտրուկ անկումից հետո տնտեսական վերականգնման մասին՝ Պոդգուզովը նշել է, որ բանկի ոչ բոլոր անդամներն են լիովին վերականգնվել: «Վերականգնման գործընթացը դեռ չի ավարտվել և որոշ երկրներ դեռ չեն հասել նախահամաճարակային զարգացման մակարդակին»,- նշել է նա:
ՌԻԳԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՆԱՏՕ-Ի ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ն առկա ձևաչափով քննարկելու են դաշինքի նոր ռազմավարության հայեցակարգը: «Անվտանգության հետ կապված ընթացիկ հարցերից զատ, դաշնակիցները Ռիգայում կանդրադառնան գործընկերների և Եվրամիության հետ գործակցությանը»,- ասվում է Լատվիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում:
Ավելի վաղ Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը նոր ռազմավարության մշակումն անվանել էր առանցքային խնդիր, որն անհրաժեշտ է քննարկել Մադրիդում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ: «ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունը պետք է երաշխավորի թե՛ անվտանգությունը, որը դաշինքի հիմական առաքելությունն է, թե՛ անդրատլանտյան միասնությունը, որը խիստ կարևոր է աշխարհքաղաքական նոր մարտահրավերներին արձագանքելու համար»,- ասել է Ռինկևիչսը: Նրա խոսքով՝ վերջին անգամ ռազմավարությանն անդրադարձ է եղել 2006 թվականի գագաթնաժողովում, ինչից հետո անվտանգության բնագավառում իրավիճակն էապես փոխվել է:
ՌԴ-Ն ՀԵՐՔԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՍԱՀՄԱՆԻՆ ԶՈՐՔԵՐ ԿՈՒՏԱԿԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԸ
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՌԴ-ն սահմանի մոտ 90 000-անոց զորք է տեղակայել: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կեղծ է անվանել այդ թեմայով ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումները: «Նկատեք, որ միանգամից երեք պարբերականներ՝ Politico-ն, Washington Post-ը և Foreign Policy-ն, կարծես մեկ հրամանով, նույն օրը հոդվածներ են հրապարակել այն մասին, թե Ռուսաստանն, իբր, զորք է մոտեցրել Ուկրաինայի սահմանին: Դա ոչ թե մեկ ֆեյք է, այլ մի ամբողջ «ֆեյք-արշավ է ամերիկյան լրատվամիջոցներում»,- ասել է Զախարովան: Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Ռուսաստանի տարածքում զինվորական ստորաբաժանումների և տեխնիկայի տեղաշարժը բացառապես Ռուսաստանի ներքին գործն է:
ԷՐԴՈՂԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐ ՏԱՐԱԾՈՂՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵՆ
Թուրքական անվտանգության գլխավոր վարչությունը իրավական գործընթաց է սկսել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մահվան վերաբերյալ Թվիթերում կեղծ լուրեր տարածող օգտատերերի նկատմամբ: Կիբերանվտանգության հարցերի վարչությունը նման բովանդակությամբ 30 թվիթի հետքերով է գնացել և հայտնաբերել դրանց հեղինակներին: Ոստիկանության հաղորդմամբ, #մահացել է հեշթեգի միջոցով օգտատերերը ապատեղեկատվություն են տարածել՝ փորձելով մանիպուլացնել հանրությանը: 30 հոգի կարող է պատասխանատվության ենթարկվել նախագահին վիրավորելու և զրպարտելու համար: Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավարն Թվիթերի իր էջում տեսանյութ է հրապարակել Էրդողանի մասնակցությամբ:
ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԵԼ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՐԺՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Թալիբները հայտարարել են Աֆղանստանում օտարերկրյա արժույթի օգտագործման ամբողջական արգելքի մասին: «Երկրի տնտեսական իրավիճակը և ազգային շահերը պահանջում են, որ բոլոր աֆղանստանցիները առևտրում օգտագործեն Աֆղանստանի արժույթը»,- ասվում է թալիբների հայտարարության մեջ: Աֆղանստանի շուկաներում լայնորեն տարածված է ԱՄՆ դոլարի օգտագործումը, սահմանամերձ շրջաններում առևտրի համար օգտագործում են հարևան երկրների, այդ թվում՝ Պակիստանի արժույթը։