Հայաստանի 2022 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի համաձայն՝ պետական բյուջեի եկամուտները գալիք տարի կկազմեն 1 տրլն 946 մլրդ դրամ, ծախսերը՝ 2 տրլն 188 մլրդ դրամ: Այսպիսով՝ դեֆիցիտը կկազմի 242 մլրդ դրամ: Գործադիրը պակասուրդը որոշել է ֆինանսավորել հիմնականում ներքին աղբյուրներից՝ պետական արժեթղթերի տեղաբաշխումից գոյացող մուտքերից:
Ըստ նախագծի՝ 2021 թվականի պետական բյուջեով հաստատված ցուցանիշների համեմատ 2022 թվականին բյուջեի եկամուտները պետք է աճեն մոտ 437 մլրդ դրամով կամ 28.9%-ով, իսկ ծախսերը՝ 337 մլրդ դրամով կամ 18.2%-ով: Արդյունքում պետբյուջեի դեֆիցիտը 2021 թվականի համեմատ կնվազի 99 մլրդ դրամով կամ 29 տոկոսով:
Փաստաթղթի հեղինակ ֆինանսների նախարարությունը 2022 թվականի համար կանխատեսում է 7 տոկոս տնտեսական աճ: Նույն ցուցանիշը ամրագրված էր նաև Կառավարության հնգամյա ծրագրում: Բարենպաստ արտաքին գործոնների պարագայում այն պետք է հասնի 9 տոկոսի:
Պետական բյուջեի բացատրագիր-ուղերձում նշված է, որ 2021 թվականին սպասվում է 6,5 տոկոս տնտեսական աճ: Ըստ գործադիր մարմնի՝ այդ աճը կապահովվի ծառայությունների ոլորտի ծավալի ավելացմամբ: Մինչդեռ 2022 թվականի աճի արագացումը կապահովեն արդյունաբերության և շինարարության ոլորտները:
Կառավարությունում կանխատեսում են դրական արտաքին ֆոն՝ մասնավորապես, պղնձի գների առումով: Այժմ, դրանք տատանվում են 9 հազար դոլարի սահմաններում, մինչդեռ նախորդ տարի մեկ տոննայի համար շուկայում անհրաժեշտ էր վճարել մոտ 4500 դոլար: Հայաստանից արտահանվող ապրանքների ցուցակում պղնձի խտանյութը առաջին հորիզոնականում է:
Գալիք տարվա պետական բյուջեն հիմնված է լինելու հիմնական 3 առաջնահերթության վրա՝
անվտանգության համակարգի բարեփոխում.
ենթակառուցվածքների զարգացում.
կրթության և գիտության արդիականացում:
Գործադիրը մտադիր է առանձնակի ուշադրություն դարձնել անվտանգության ապահովմանը: Այդ ուղղությամբ Հայաստանի ռազմական ծախսերը 2022-ի բյուջեով աճելու են մոտ 11 տոկոսով: Դրանք կկազմեն 345 մլրդ դրամ: Հայաստանի զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի համար կհատկացվի այս միջոցներից ավելի քան 340 միլիարդ դրամը։
Անդրադառնալով բյուջեի նախագծին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ընդգծել էր, որ հատկացված միջոցներն ու քայլերը այս ուղղությամբ պետք է բերեն Հայաստանի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորմանը, Հայաստանի, Արցախի, տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջանի բացման օրակարգի իրագործմանը:
Դա իր հերթին պետք է նպաստի տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացմանն ու զարգացմանը: Տարածաշրջանային միջավայրի փոփոխությունը կօգնի Հայաստանին ունենալ որակապես այլ տնտեսություն և ներառական երկարաժամկետ աճ:
2022 թվականի պետական բյուջեով զգալիորեն կավելանա կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներին հատկացվող ֆինանսավորումը: Պրոֆիլային նախարարությանը կհատկացվի մոտ 223 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելին է 27,4%-ով։
Բյուջեի նախագծի համաձայն՝ 25 մլրդ դրամ է հատկացվելու գիտության ոլորտի ծրագրերի ֆինանսավորմանը, ինչը 82,8 %-ով ավելին է, քան հատկացվել էր 2021 թ․ համար հաստատված բյուջեով: Դա պետք է օգնի բարձրացնել մեր երկրում կրթության հասանելիությունը: Գործադիրից ընդգծում են, որ գիտության և տեխնոլոգիաների զարգացման ոլորտում Կառավարությունն արդեն իսկ ներդրում է ֆինանսավորման նոր բանաձևեր:
Հանրակրթության ոլորտի բարեփոխումների կարևորագույն մաս է մոդուլային տիպի 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցումը, հիմնանորոգումն ու նորոգումը, որը Կառավարության հնգամյա ծրագրի հիմնական թիրախներից է:
2022 թվականի Կառավարության ծրագրում ամրագրված է, որ գիտության ոլորտի գերակա խնդիրներից է ենթակառուցվածքների ստեղծումը, գիտության ոլորտում աշխատողների որակավորման բարձրացում և երիտասարդ կադրերի ներգրավումը, ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումը:
2022 թվականի պետական բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն: Սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն 929.3 մլրդ դրամ կամ բյուջեի 42.5%-ը: 2021 թվականի համեմատ այն կաճի 122.8 մլրդ դրամով կամ 15.2%-ով: 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակը՝ այն սահմանելով 28,600 դրամ՝ այժմյան 26,500 դրամի փոխարեն: Կբարձրանա նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության զինվորական կենսաթոշակը: Հաշմանդամություն ունեցող շուրջ 8,500 երեխայի համար հաշմանդամության նպաստի չափը կսահմանվի 37,000 դրամ՝ ներկայիս 26,500 դրամի փոխարեն։
Կառավարությունը զգալիորեն ավելացրել է կապիտալ ծախսերի ծավալը: Ըստ 2022 թվականի բյուջեի նախագծի՝ ենթակառուցվածքների վերանորոգման և բարելավման համար կհատկացվի մոտ 346 մլրդ դրամ: 2021-ի համեմատ այդ ցուցանիշն ավելացել է 60%-ով:
2022-ին նախագծվելու է 15 ջրամբար և սկսվելու է դրանց կառուցումը: «Արփա-Սևան» թունելի վթարային առանձին հատվածներ հիմնանորոգվելու են, ինչի շնորհիվ ապահովվելու է թունելի հուսալի և անխափան շահագործումը:
2022-ին վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին կշարունակվեն «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի վերակառուցման և կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրերը: Ավարտին կհասցվի Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման աշխատանքը։
2022 թվականի բյուջետային ուղերձում նաև ամրագրված է, որ Հայաստանը շարունակելու է հանդիսանալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ:
Հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Հայաստանը ձգտելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցային գործընթացի լիարժեք վերականգնման՝ համոզված լինելով, որ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման տեսանկյունից բովանդակային բանակցություններն այլընտրանք չունեն: