Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Ռուբեն Սևոյանի այգին բացառիկ է և փորձարարական: Սևոյանը տնկել է տարածաշրջանին ոչ բնորոշ պտղատու ծառեր և այգու բոլոր ծառերը մեկ առ մեկ պատվաստել՝ ոչ սովորական մեխանիզմով: Յուրաքանչյուր ծառի վրա աճում են տարբեր տեսակի պտուղներ՝ իրենց տարբեր սորտերով. նույն ծառի վրա համատեղվում են սալորն ու ծիրանը, տանձն ու խնձորը:
Եթե հանկարծ նորատունկ ծառի պտուղը չի արդարացնում սպասելիքները՝ Ռուբեն Սևոյանը չի բողոքում, անմիջապես պատվաստում է ծառը, որ պտուղը լինի գեղեցիկ ու համեղ:
Ուր գնում եմ, պարտադիր մեկ տնկի եմ բերում՝ պատմում է այգեգործը՝ հպարտանալով, որ իր տնկած յուրաքանչյուր շիվ կանաչում և պտուղ է տալիս: Ոլորտի մասնագետ չէ, բայց գիտի ծառերի խնամքի գլխավոր գաղտնիքը:
Ծիրան, դեղձ, սև մոշ և նույնիսկ թուզ. Սևանի ավազանին ոչ այնքան բնորոշ պտուղներ են, որ հոգատարության և սիրո շնորհիվ աճում են Ռուբեն Սևոյանի այգում: «Կլիման շատ է փոխվել,- ասում է նա: Մարդիկ պետք է գիտակցեն դա և հետևություն անեն՝ ավանդական մշակաբույսերը փոխարինեն նորերով:
Բույսերի և հատկապես ծառերի նկատմամբ սերն այգեգործը ծնողներից է ժառանգել: Այգու խնամքն ու բերքահավաքը լավագույն դեղամիջոցն են խաղաղության ու հանգստության համար:
Հեղինակ՝ Անահիտ Կարեյան