Պենտագոնը պատրաստել է ռազմական հարվածների շարք, եթե նախագահ Դոնալդ Թրամփը վերջնականապես որոշի վերսկսել հարձակումներն Իրանի վրա, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Թիրախների թվում են Իրանի էներգետիկ օբյեկտները և այլ ենթակառուցվածքներ:
Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ Թրամփը Վիրջինիայի իր գոլֆի ակումբում հանդիպել է ազգային անվտանգության թիմի ավագ անդամների հետ՝ Իրանի հետ պատերազմի հաջորդ քայլերը քննարկելու համար։ Այս մասին հայտնել է նաև Axios-ը։
Հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տան կողմից Իրանի համար «Ժամանակը գնում է» հայտարարությունից մեկ օր առաջ և Չինաստանից Թրամփի՝ Վաշինգտոն վերադառնալուց ընդամենը մի քանի ժամ անց։ Այդ հանդիպմանը մասնակցել են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ջոն Ռետկլիֆը և հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։
CNN-ը նշում է, որ Թրամփը գնալով ավելի է հիասթափվում Թեհրանի կողմից բանակցությունների ընթացքից և շարունակում է դժգոհ մնալ Հորմուզի նեղուցի փակումից և նավթի համաշխարհային գների վրա դրա ազդեցությունից։
Պեկին կատարած այցի ընթացքում նախագահը և նրա թիմը հետաձգել էին Թեհրանի վերաբերյալ հետագա որոշում կայացնելը: Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ նրանք ցանկանում էին տեսնել, թե ինչպես են ընթանալու Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի միջև բանակցությունները, նախքան քայլերը որոշելը:
ԱՄՆ առաջնորդը, ինչպես սպասվում է, այս շաբաթվա սկզբին կրկին կհանդիպի իր ազգային անվտանգության թիմի հետ։
Ըստ CNN-ի՝ վերջին օրերին Թրամփը լրջորեն մտածել է Իրանի հետ պատերազմը վերսկսելու մասին՝ ստիպելու համար փոխզիջումների գնալ հակամարտությունը դադարեցնելու համար` չնայած նախընտրում է դիվանագիտական կարգավորումը: Նախագահը «կորցնում է համբերությունը» Հորմուզի նեղուցի փակման և Իրանի ղեկավարության ներսում առաջացած պառակտման հետ կապված, որը, նրա կարծիքով, խոչընդոտում է միջուկային բանակցություններում զիջումների գնալուն:
Axios-ի տվյալներով՝ Թրամփը մայիսի 19-ին կհավաքի ԱՄՆ ազգային անվտանգության թիմը՝ տարբերակները քննարկելու համար։ Նա հրատարակությանը ասել է, որ Իրանից նոր առաջարկ է սպասում, որը պետք է ավելի լավը լինի, քան նախորդը։ Նախագահը սպառնացել է, որ Վաշինգտոնը կհարվածի «շատ ավելի ուժեղ, քան նախկինում», եթե Թեհրանը չառաջարկի ավելի բարենպաստ պայմաններ։