2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում (ՀՄԿ) տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ/ տնօրենների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Ներկա է եղել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը:
.jpg)
Հանդիպումն ուղեկցվել է կրթական էքսպոյի ցուցադրությամբ, որի շրջանակում ներկայացվել են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հրատարակությունները՝ մասնագիտական գրականություն, ձեռնարկներ, աշխատանքային գիրք-տետրեր, ուսումնամեթոդական ուղեցույցներ, ինչպես նաև ՀՄԿ մասնագետների մշակած դիդակտիկ նյութեր, զարգացնող խաղեր, խելամիտ հարմարեցումների օրինակներ և աջակցող տեխնոլոգիաներ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ամփոփել է նախորդ ուսումնական տարվա արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև ներկայացրել նոր ուսումնական տարվա աշխատանքային հիմնական առաջնահերթությունները։ Քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, առաջիկա անելիքներն ու այն հիմնական ուղղությունները, որոնք միտված են ներառական, անվտանգ և ապահով կրթական միջավայրի ձևավորմանը, կրթության հասանելիության և մատչելիության ապահովմանը։
.jpg)
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ՏՄԱԿ-ների ֆինանսավորման կարգում նախատեսվող փոփոխություններին և դրանցով պայմանավորված գործընթացներին։ Քննարկվել են ՏՄԱԿ-ների գործունեության արդյունավետության, նոր ուսումնական տարում տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության որակի բարձրացման, ինչպես նաև կենտրոնների տեխնոլոգիական հագեցվածության և արդիականացման վերաբերյալ հարցեր։
Առանձին անդրադարձ է կատարվել կրթական տեխնոլոգիաների զարգացմանը և գործընթացների թվայնացմանը։ Մասնավորապես՝ քննարկվել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կողմից ՏՄԱԿ-ների աջակցող մասնագետներին տրամադրվող համակարգիչների շահագործման և թվային գործիքների հասանելիության հետ կապված հարցերը։
Մասնագիտական զարգացման ուղղությամբ կարևորվել է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող մասնագետների կամավոր ատեստավորման նախաձեռնությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված երեխաների գնահատման գործընթացը՝ դրա ժամկետները, կազմակերպչական հարցերը և այդ ուղղությամբ ՏՄԱԿ-ների աշխատանքի արդյունավետության բարձրացման հնարավորությունները։
Կարևորվել է հատուկ դպրոցների՝ ռեսուրս կենտրոնների վերակազմակերպումը․ այս համատեքստում քննարկվել են համագործակցության ընդլայնման, մասնագետների վերապատրաստման, ՏՄԱԿ-ներին մասնագիտական աջակցության տրամադրման, համագործակցության մեխանիզմների ամրապնդման և փորձի փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փոխադարձ մասնագիտական աջակցության կազմակերպումը։
.jpg)
Անդրադարձ է եղել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար խելամիտ հարմարեցումների ապահովմանը և ֆիզիկական միջավայրի մատչելիության բարելավմանը։
«Յուրաքանչյուր սովորողի համար պետք է ապահովվի նրա անհատական կարիքներին համապատասխան կրթական միջավայր»,- ընդգծել է նախարարի տեղակալը՝ միաժամանակ կարևորելով տնային ուսուցում ստացող երեխաներին դպրոց ուղղորդող արդյունավետ մեխանիզմների մշակման և գործարկման անհրաժեշտությունը։

Նախարարի տեղակալը նշել է, որ պետք է առանձնակի ուշադրություն դարձնել նաև բացառիկ ընդունակություններ ունեցող սովորողներին ՏՄԱԿ-ների կողմից տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության արդյունավետությանը։
ՏՄԱԿ-ների տնօրեններն իրենց հերթին ներկայացրել են աշխատանքային գործունեության ընթացքում արձանագրված խնդիրները, բարձրացրել մի շարք հարցեր, ինչպես նաև հանդես եկել առաջարկություններով։