Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեկնումը Ֆրանսիա, իսկ ապա նաև՝ Բելգիայի Թագավորություն, կարելի է դասել անսպասելի, բայց սպասված այցերի շարքին։ Հասկանալի է, որ հապշտապությունը, հիմնականում, պայմանավորված էր Հայաստանի արևելյան սահմաններին Ադրբեջանի պահվածքով, զորքերը Հայաստանի սուվերեն տարածքից անմիջապես դուրս բերելու և բոլոր ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու՝ Երևանի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ու մի շարք պետությունների կոչերին Բաքվի անհաղորդությամբ և, բնականաբար, Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությամբ։ Ընդ որում՝ թե՛ առաջին, թե՛ երկրորդ խնդրի լուծման բանալին, գոնե այս պահին, չի՛ դիտարկվում ռազմական գործողությունների վերսկսման տիրույթում։
Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ) - Ուզում եմ խոսել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի մասին: Ինչպես արդեն ասել էի, պարո՛ն Փաշինյան, սահմանագծման և սահմանազատման բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն բացառապես բանակցությունների միջոցով և ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի: Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, և կոչ եմ անում կողմերին վերադառնալ մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր: Մենք կփորձենք օգնել երկխոսության հաստատման հարցում:
Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կարող է օգնել ոչ միայն սահմանին ստեղծված իրավիճակի, այլև Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսման հարցում։ Ի տարբերություն Բաքվի, որը, ի դեպ, պաշտոնական Փարիզի հայտարարություններին բավական ջղային է արձագանքում, Երևանը կարծում ու պնդում է, որ առանց այդ խնդրի կարգավորման կամ առնվազն տեսանելի հեռանկարի, մնացյալ բոլոր պայմանավորվածությունները վտանգված են։ Հետևաբար՝ անհրաժեշտ է քայլ անել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միակ հնարավոր ուղղությամբ՝ կարգավորել արցախյան խնդիրը։ Եվ դրանում Փարիզի նշանակությունը բնավ երկրորդական չէ։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Ուզում եմ ընդգծել, որ կարևորում ենք Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, և չափազանց կարևոր է համանախագահության գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հարցի ու տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման, երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու գործում: Շատ ուրախ եմ, որ պատերազմի ավարտից հետո արդեն համանախագահները երեք հայտարարություն են արել, որով, ըստ էության, արձանագրում են իրենց պատրաստակամությունը փոխադարձաբար ներգրավվելու և վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ բանակցությունները:
Երկրորդական չէ նաև Ֆրանսիայի պետական կառավարման մյուս ինստիտուտների՝ Սենատի և Ազգային ժողովի դերակատարումը, և հենց այդ տրամաբանության շրջանակում էլ Փաշինյանը զրուցել է Սենատի նախագահ Ժերար Լարշեի և ԱԺ նախագահ Ռիշար Ֆերանի հետ, որոնցից յուրաքանչյուրը պնդել է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ հետ քաշվի դեպի իր սահմաններ, ռազմագերիները պետք է անմիջապես ազատ արձակվեն, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում արցախյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը պետք է օր առաջ վերսկսվի։
Պարզ է, որ բանակցությունների օրակարգը չպիտի և չէր կարող սահմանափակվել միայն այս երկու խնդիրների լուծման բանալին գտնելու փնտրտուքով։ Թե՛ Ֆրանսիայի, թե՛ առհասարակ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն քաղաքական օրակարգով, և, բնականաբար, քննարկման ուղղություններից մեկը պետք է դառնային տնտեսական կապերը։ Դրանք Հայաստանի և Ֆրանսիայի միջև դեռ բավական անհրաժեշտ մակարդակի վրա չեն, սակայն, գոնե դատելով պետությունների ղեկավարների խոսքից, կա այդ կապերն ավելի ինտենսիվ դարձնելու հնարավորություն։
Նման հնարավորություն դիտարկվել է նաև Բրյուսելում, ընդ որում՝ թե՛ Եվրամիության մակարդակով, թե՛ Բելգիայի Թագավորության։ Մասնավորապես, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հատուկ ընդգծել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ հատուկ շեշտելով, որ այն Հայաստանի և եվրոպական միացյալ ընտանիքի միջև կապերի ընդլայնման բացառիկ գործիք է, որը կօգտագործվի և կկիրառվի ի նպաստ Հայաստանի տնտեսական զարգացման և ժողովրդավարական գործընթացների խորացման։ Ինչ վերաբերում է Բելգիայի հետ տնտեսական կապերին, ապա դրանք, ըստ երևույթին, շատ ավելի մանրամասն կքննարկվեն առաջիկայում, երբ Բրյուսելը Երևան կգործուղի առևտրային առաքելություն, որի շրջանակում էլ կքննարկվեն երկու պետությունների համար փոխշահավետ բոլոր խնդիրները։