Ներքաղաքաղական գերլարված համապատկերում անցած շաբաթ ուշադրությունից դուրս մնաց Իրաքի պաշտպանության նախարարի ու նրա գլխավորած պատվիրակությունների այցը Հայաստան: Իրադարձությունը հատկանշական է այնքանով, որ Իրաքը, ինչպես նաև Սիրիան, մերձավորարևելյան այն պետություններն են, որոնք ցցուն խնդիրներ ունեն Հայաստանի հարևաններից մեկի՝ Թուրքիայի հետ, և, ըստ էության, գոնե Անկարայի հետ ունեցած հակասությունների ֆոնին հանդիսանում են պաշտոնական Երևանի բնական դաշնակիցները:
Որ հայ-իրաքյան բանակցություններում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին զուգահեռ, իր ծանրակշիռ դերն ուներ հենց թուրքական գործոնը, կարելի է հասկանալ նույնիսկ այն համառոտ հաղորդագրությունից, որ տարածել էր հայաստանի արտաքին գործերի նախարարությունը; Մասնավորապես, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արա Այվազյանը, խոսելով Ադրբեջանի սանձազերծած արցախյան երկրորդ պատերազմից, Իրաքի արտգործնախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի ուշադրությունն էր հրավիրել Թուրքիայի անմիջական ներգրավվածության վրա՝ մտահոգություն հայտնելով Անկարայի կողմից հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և վարձկանների տեղակայման առնչությամբ։ Սա, գոնե Իրաքի դեպքում, առավել ընկալելի խնդիր է, քանի որ երկիրն արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ գտնվում է իսլամիստ ծայրահեղական խմբավորումների թիրախում, և Թուրքիան, գոնե Իրաքի հյուսիսային շրջաններում, այդ գործընթացում անմասն չէ:
Հասկանալի է, որ այս ամենի տրամաբանությունը հուշում է, որ թե՛ Հայաստանի արտաքին գործերի, թե՛, առավել ևս, պաշտպանության նախարարություններում հիմնական շեշտը պիտի դրվեր ահաբեկչության դեմ պայքարի գործում փորձի փոխանակման վրա: Ընդ որում, ըստ երևույթին, այս դեպքում, հաշվի առնելով փորձառությունների տարբերությունը, Հայաստանը պիտի լինի ավելի շատ փորձը վերցնողի, քան տվողի դերում: Համենայնդեպս, Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից արդեն պարզ դարձավ, որ Հայաստանի և Իրաքի դեպքում խոսվում է ռազմատեխնիկական ոլորտում գործակցության մասին մի շարք ոլորտներում, որոնք, ըստ ստորագրված համաձայնագրի, կլինեն 13-ը: Թե կոնկրետ ի՞նչ ոլորտների մասին է խոսքը, հասկանալի պատճառներով հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ գործակցությունը կարող է վերաբերել ռազմարդյունաբերությանը, ինչպես նաև առնվազն ահաբեկչական խմբավորումների հետ կապված տեղեկատվության փոխանակմանն ու մշակմանը: Սա չափազանց կարևոր կարող է լինել՝ հատկապես եթե հաշվի առնենք, որ թուրքամետ ահաբեկչական խմբավորումները, որոնք գործում են Իրաքի հյուսիսում, ուղիղ կապ ունեն սիրիական ահաբեկչական այն խմբավորումների հետ, որոնք էլ, իրենց հերթին, ուղղակիորեն ներգրավված են Արցախի հարավային ու հարավարևելյան շրջանների բռնազավթման գործում:
Ինչ վերաբերում է հայ-իրաքյան հետագա գործակցությանը, ապա արդեն տարիներ շարունակ պնդումներ կային, թե Հայաստանը եթե պարտավոր չէ, ապա գոնե խիստ կարիք ունի խորացնելու Բաղդադի հետ կապերը, քանի որ, նախ, դա կարող է հայ-ամերիկյան գործակցության համար ևս մեկ հարթակ դառնալ: Սրանից բացի՝ կա նաև տնտեսական գործոնը: Մասնավորապես, Հայաստանը հնարավորություն ունի խորացնել տնտեսական կապերը իրաքյան Քուրդիստանի հետ, որտեղ, գոնե շրջանառվող լուրերի համաձայն, հայկական որոշ ապրանքատեսակներ մեծ պահանջարկ ունեն: Սրանցի բացի՝ կա նաև աշխարհաքաղաքական գործոն: Ցավոք, իրաքյան չդադարող պատերազմի հետևանքով Իրաքի հայ համայնքից գրեթե ոչինչ չմնաց, ինչը խորապես ազդեց նաև մերձավոր Արևելքում Հայաստանի շահերի ներկայացման վրա: Եվ այդ առումով հասկանալի է, որ եթե Երևանի և Բաղդադի միջև քաղաքական երկխոսությունն ակտիվանա, ապա այդ բացը, գոնե մասնակի, հնարավոր կլինի լրացնել: