Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Այս ոլորտում մեր երկիրը որոշակի հաջողություններ է արձանագրել: Ապրելիության ցուցանիշը Հայաստանում հասնում է զարգացած երկրների մակարդակին: Քաղցկեղի դեմ պայքարում կարևոր դեր են խաղում բարեգործական կազմակերպությունները:
Սիրո և կարոտի բոլոր դրսևորումները՝ միայն ժեստերով: Համավարակի թելադրած կանոնները Նվերի հորեղբոր բոլոր համբույրներն ու գրկախառնությունները ապակուց այն կողմ են թողնում: Սահմանափակումները հատկապես խիստ են քաղցկեղից բուժվող երեխաների դեպքում: Սա՛ էլ Նվերին չի խանգարում ժպտալ, բայց նաև դրդում է սրամտել. ինչպե՞ս բժիշկների աչքից հեռու դուրս թռչել ու հորեղբոր գիրկն ընկնել:
Տեսակցության եկած հորեղբայրը մի կերպ է զսպում արցունքները, բայց հարազատները հույզերին տեղի տալու իրավունք ունեն միայն երեխաների աչքից հեռու:
Հիվանդասենյակից դուրս սիրտ թեթևացնելու և սիրտ տալու րոպեներ են: Մանկական քաղցկեղի կենտրոնում այսպիսի պահեր հաճախ են լինում, բայց րոպեներ անց Մելինեի մայրն արդեն ժպիտը դեմքին աղջկա կողքին է: Մելինեն հոկտեմբերից ոտքի ցավեր է ունեցել, սկզբում փորձել են քսուքներով բուժել սովորական թվացող խնդիրը: Ավելի խոր հետազոտությունից պարզվել է, որ աղջիկը ոտքի ուռուցք ունի:
Ոսկեհատ Մինասյան (ծնող) - «Այստեղ մեզ մեծ հույսեր են տվել, ու ես իմ հույսը չեմ կորցնում: Գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու»:
Մելինեն արդեն անցել է քիմիաթերապիայի երրորդ փուլը, շուտով կվիրահատվի, հետո՝ կրկին քիմիաթերապիա: Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների ապրելիությունը 70-80 տոկոս է: Մանկական ուռուցքաբանության դեպքում չափազանց կարևոր ու վճռորոշ է ճիշտ և ժամանակին ախտորոշումը՝ ասում է կենտրոնի ղեկավարը: Հայաստանն այս տեսանկյունից բարվոք վիճակում է:
Գևորգ Թամամյան (Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար) - «Ըստ ԱՀԿ-ի՝ զարգացած երկրներում քաղցկեղով հիվանդ երեխաների 80 տոկոսը առողջանում է... Զարգացող երկրներում՝ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, լրիվ հակառակն է, այսինքն՝ միջինում 25 տոկոսն է առողջանում: Մեր երկիրը լինելով ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների շարքում, մանկական ուռուցքաբանության տեսանկյունից մոտենում է զարգացած երկրների թվերին»:
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրենն ասում է՝ փորձում ենք գոնե ֆինանսական բեռ ծնողի վրա չթողնել: Այդ ծախսերը հոգում են բարեգործական հիմնադրամները:
Գևորգ Թամամյան - «Հայաստանում երբ որ ծնողը երեխայի հետ գալիս է ախտորոշումից հետո և ասում ենք մի անհանգստացեք, դուք կարիք չունեք տուն վճառելու, կարիք չունեք զոհողությունների գնալ, դա կարծում եմ ծնողի համար շատ կարևոր է»:
Համավարակը, հետո էլ պատերազմը նվազեցրել են «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի ֆինանսական հոսքերը:
Էսթեր Դեմիրճյան («Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի տնօրեն) - «Ցանկացած պահի, որ հիմնադրամը դադարի գործել, մենք կունենանք անդառնալի հետևանքներ, որովհետև այսօր երեխաների 99.5 տոկոսը ստանում է աջակցություն՝ City of smile հիմնադրամի կողմից, որպեսզի կարողանա ապահովել իրենց բուժումը: Փառք Աստծո, բարեբախտաբար կարողացանք պատվով դուրս գալ 2020 թվականից»:
Որևէ երեխայի ֆինանսավորում հիմնադրամի կողմից չի մերժվել, ոչ ոքի բուժումը չի ընդհատվել,- վստահեցնում է «Ժպիտների քաղաք»-ի տնօրենը:
Էսթեր Դեմիրճյան - «Բայց իհարկե պետք է հասկանանք, որ շարունակականությունը պետք է ապահովենք և դրա համար բոլորի աջակցության կարիքն ունենք: Դրա համար մենք մարդկանց առաջարկում ենք ամսական տարբերակ,. դա կարող է լինել 1000 դրամ, 5,10»:
Մինչ այդ մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ փոքրիկներն իրե՛նց աջակցությունն են ուղարկում աշխարհի 550-ից ավելի կենտրոնում բուժվող երեխաներին: «Ամեն ինչ լավ է լինելու»,«Շուտ առողջացիր, որ ինչ ուզես՝ ուտես» ու նման գրություններով բացիկները «Հայփոստի» միջոցով կհասնեն հասցեատերերին: Իսկ «Զանգակ» գրախանութներից այսօր գնված յուրաքանչյուր գիրք կօգնի այս ծառին ավելացնել կյանքի՝ նոր խորհրդանիշներ: Սրանք փրկված երեխաների լուսանկարներն են: