Օրերս Երևանի գնդի պարեկները ստացել էին տեղեկություն, որ «ՎԱԶ 2109»-ի վարորդը մայրաքաղաքի Իսակովի պողոտայում խցանման ժամանակ մեքենան վարում էր հետիոտնի համար նախատեսված հատվածով։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ պարեկների ձեռնարկած միջոցառումներով մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Նույն պողոտայում կրկին խցանման ժամանակ հետիոտնի համար նախատեսված հատվածով էր վարում նաև «Մերսեդեսի» վարորդը։
Այս դեպքում նույնպես մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
«Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության»,- նշում են ՆԳՆ-ից: