Գործող օրենսդրությամբ գնումների համակարգում շահերի բախումը կարգավորվում է հետևյալ ընթացակարգով. երբ գնահատող հանձնաժողովներում ներառված անձինք ունենում են շահերի բախում մասնակիցների հետ, ինքնաբացարկ են հայտարարում, դուրս են գալիս գնահատող հանձնաժողովից, և դրանով շահերի բախումը համարվում է լուծված: Կան պաշտոնյաներ և պաշտոններ, որոնք միայն պաշտոն զբաղեցնելու փաստով բավարար ազդեցություն ունեն համակարգի վրա, և գնահատող հանձնաժողովից դուրս գալու դեպքում անգամ հնարավոր չէ պնդել, որ այդ շահերի բախումը և ազդեցությունը համակարգի վրա վերացել է:
Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Գնումների մասին» և կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները և լրացումները՝ հայտնում է ԱԺ կայքը:
Առաջարկվում է համակարգը փոփոխել և սահմանել ազդեցության 3 լրացուցիչ մակարդակ ու սահմանափակումներ կիրառել այդ մակարդակներում ներառված պաշտոնյաների նկատմամբ:
Առաջին մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել գնման գործընթացներին: Այս մակարդակում պարտադիր ներառվում են Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, Ֆինանսների նախարարը և վերջինիս այն տեղակալը, որը համակարգում է գնումների քաղաքականության մշակման աշխատանքները:
Երկրորդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի և վերջինիս կառավարմանը հանձնված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին: Այս մակարդակում պարտադիր ներառվում են վարչական և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների և համայնքի ղեկավար չհանդիսացող ավագանու անդամների), գլխավոր դատախազը և նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարները:
Երրորդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման գործընթացներին: Ազդեցության այս մակարդակում պարտադիր ներառվում են անկախ պետական մարմինների և ինքնավար մարմինների անդամները, այդ թվում՝ Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները, Մարդու իրավունքների պաշտպանը: