Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 20-ի նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.)՝ 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ 2025 թվականին իրականացվել է ծավալուն և համակողմանի աշխատանք: Նա տեղեկացրել է, որ անկախությունից ի վեր 2025 թվականն առաջին տարին է, երբ ՀՀ քաղաքացիների միգրացիոն դրական սալդո է արձանագրվել: «Սա նշանակում է, որ հաստատված խաղաղության ու բազմաթիվ ոլորտային բարեփոխումների արդյունքում առաջին անգամ արձանագրվում է ՀՀ քաղաքացիների ներգաղթ, և այս միտումները մենք պետք է պահպանենք ու ավելի արդյունավետ դարձնենք»,- ասել է նախարարը:
Արփինե Սարգսյանը փաստել է, որ Հայաստանն այս պահին միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վիզաների ազատականացման թեմայով վարում է ակտիվ երկխոսություն, միակը, որը երկխոսության մեկնարկից ի վեր ռեկորդային սեղմ ժամկետում ստացել է գործողությունների ծրագիրը: Հայաստանը ներդնում է ԵՄ նոր չափանիշներին համապատասխան կենսաչափագրական համակարգ: Նախարարի խոսքով՝ ՆԳՆ համակարգի հանրային ծառայությունների ոլորտում աննախադեպ ծավալի թվայնացման աշխատանքներ են իրականացվում: Հայաստանն ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում, և 193 երկրի շարքում 13-րդ տեղում է 90,27 ինդեքսով:
2025 թվականի կտրվածքով մեր երկրում արձանագրված հանցագործությունների և դրանցով նախաձեռնված վարույթների թիվը, 2024 թվականի համեմատ, նվազել է 3,2 տոկոսով, ինչը, ըստ զեկուցողի, իրավապահ համակարգի արդյունավետ գործունեության արդյունքն է: Արփինե Սարգսյանը փաստել է, որ չնայած արտակարգ դեպքերի և պատահարների թվի աճին՝ 2025 թվականին դրանց հետևանքով տուժածների թիվը նվազել է 1601-ով, իսկ զոհերի թիվը՝ 59-ով:
Նախարարը հանգամանալից ներկայացրել է կառույցի՝ 2025 թվականի գործունեության հաշվետվությունը:
Նշվել է, որ Ազգային ժողովի հետ սերտ համագործակցության արդյունքում 2025 թվականի հուլիսի 3-ին ընդունվել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքը: Մշակման փուլում է միգրացիայի ոլորտի նոր ռազմավարությունը, որտեղ առանձին անդրադարձ է կատարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ինստիտուտին. նախատեսվում է հիմնովին վերանայել քաղաքացիության հետ կապված կարգավորումները:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հաջորդիվ հայտնել է, որ 2025 թվականին պարտադիր ժամկետային զինծառայողների ծառայության սահմանված ժամկետը 24 ամսից կրճատվել է 18 ամսի՝ 2026 թվականի հունվարի 1-ից զորակոչված քաղաքացիների համար: Ավելացվել են շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի օրերը՝ 21-ից մինչև 30 օր: Միևնույն ժամանակ, զինվորական երդման արարողությունից հետո պարտադիր ժամկետային զինծառայողներին տրամադրվելու է 2 օր արձակուրդ:
2025 թվականին 2024 թվականի համեմատ պարտադիր ժամկետային ծառայության զորակոչվածների թիվն աճել է 7 տոկոսով:
Ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների բազմազանեցման արդյունքում կնքված պայմանագրերով շարունակվել են սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման աշխատանքները: Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակում ատեստավորվել և ծառայությունը շարունակում է շուրջ 6270 զինծառայող: Ատեստավորման գործընթացի ներդրման պահից սկսած՝ ատեստավորվել է դիմողների 73 տոկոսը: Նշված բարեփոխումների արդյունքում շարքային կազմի բազմաթիվ ատեստավորված զինծառայողներ ստանում են 700 հազար և ավելի, իսկ սպայական կազմի զինծառայողները՝ բարձրագույն սպայական կազմի դեպքում՝ մինչև 1,5 մլն ՀՀ դրամ վարձատրություն:
Այնուհետև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը փակ ձևաչափով ընթացող նիստում ներկայացրել են հաշվետու տարում իրենց ղեկավարած կառույցների իրականացրած աշխատանքները: