ՀՀ կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և պետական մարմիններին գումար հատկացնելու մասին նախագիծը:
«2025 թվականի նոյեմբերին Կառավարությունը հաստատեց կատարողականի գնահատմամբ պիլոտային ծրագիրը, որը պետական կառավարման համակարգի արդյունավետությունը շարունակաբար բարձրացնելու կարևոր քաղաքականություն է»,- նշեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Նա հիշեցրեց, որ ծրագրի հիմքում աշխատանքի բարձր արդյունքների համար պետական համակարգի աշխատակիցների նյութական խրախուսումը և այդ եղանակով հանրային ծառայության որակի բարձրացումն է: «Այս ուղղությամբ հետևողական աշխատանքն այն հիմքն է, որով պետք է ապահովվի համակարգում մրցունակ կադրերի պահպանումը և նորերի ներգրավումը, ինչպես նաև երաշխավորի, որ կառավարման մարմիններին հատկացվող հանրային ռեսուրսները ծախսվեն ամենաարդյունավետ ձևով և ուղղվեն որակյալ պետական ծառայության կազմակերպմանը»,- նշեց փոխվարչապետը:
«Նախորդ տարեվերջին ամփոփեցինք 2025 թվականի առաջին կիսամյակի ծրագրի կատարողականի գնահատականը կառավարման 15 մարմինների համար: Գնահատվեցին սահմանված 57 ուղղություններով կատարված աշխատանքի արդյունքները, և պետական մարմիններին հատկացվեց 3.6 մլրդ դրամ լրացուցիչ վարձատրության ֆոնդ: Հիմա գնահատել ենք 2025 թվականի 2-րդ կիսամյակի ծրագրով տարված աշխատանքը, և կարող ենք ասել, որ խրախուսման համակարգի պիլոտավորումը կառավարման մարմինների առաջնահերթությունների ուղղությամբ կենտրոնացման հարցում ստանում է կարևոր նշանակություն: Այս կապակցությամբ կարևոր եմ համարում նշել, որ 2-րդ կիսամյակում կատարված աշխատանքների ամփոփ գնահատականը մոտ է սահմանված ամենաբարձր ամբողջությամբ կատարվածին:
Հաշվի առնելով այս արդյունքները՝ 2025 թվականի 2-րդ կիսամյակի արդյունքներով լրացուցիչ վարձատրության նպատակով հատկացվող միջոցները կկազմեն մոտ 4.6 մլրդ դրամ:
2025 թվականի 2-րդ կիսամյակի համար հատկացումների կարևոր առանձնահատկությունը նաև այն է, որ գործնականում հաշվի կառնվի այն հանգամանքը թե առաջին կիսամյակում խրախուսվածների կողմից ինչպես է իրագործվել կրթության նպատակով դրամական ներդրումների պահանջը:
Այս կիսամյակի ավարտին կունենանք ընդհանրական հաշվետվություն այն մասին, թե պիլոտային ծրագրի շահառուները որքան դրամական ներդրումներ են կատարել կրթական ծախսերի ուղղությամբ:
Պետք է նշեմ նաև, որ պիլոտային ծրագրի արդյունքների վերլուծությունը մեզ թույլ է տալիս զուգահեռաբար աշխատել օրենսդրական կարգավորումների մշակման ուղղությամբ, որի վերջնականացման արդյունքում հնարավորություն կունենանք պիլոտային ծրագրի ծանուցում կատարել երկարաժամկետ կարգավորումների և այս տարվա ընթացքում ԱԺ-ի քննարկմանը ներկայացնել հանրային ծառայության վարձատրության մեխանիզմները օրենքով կարգավորելու վերաբերյալ առաջարկությունը»,- նշեց Տիգրան Խաչատրյանը:
«Այս մեխանիզմով, ինչքան էլ որ քննադատությունների ենք արժանանում, մեր պետության հետագա զարգացման ճանապարհին կարևորագույն մի քայլ ենք անում, որը լիարժեքորեն տեղավորվում է այլոց շարքում մեր պետության հարատևության օրակարգի մեջ, որովհետև այստեղ մենք նաև փորձով համոզվել ենք, որ այս համակարգն առաջին հերթին արդյունքներ է բերում ՀՀ քաղաքացիներին և մեր պետական ռեսուրսների առավել արդյունավետ կառավարմանը: Ուզում եմ ընդգծել նաև, որ այս համակարգը ես կարևոր եմ համարում հակակոռուպցիոն քաղաքականության տեսակետից: Էլի ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի ժողովրդական, ոչ թավշյա հեղափոխությունից հետո մենք կոռուպցիայի ընկալման համաթվերում շատ մեծ աճ արձանագրեցինք, առաջընթաց արձանագրեցինք, բայց մի իքս պահի և այսօր էլ որոշակի լճացում կա, և ես կարծում եմ՝ մենք պետք է երկրում հակակոռուպցիոն ստանդարտները ավելի խստացնենք, ավելի բարձր ստանդարտներ սահմանենք: Այս որոշումը տեղավորվում է նաև այդ տրամաբանության մեջ:
Մեզ հարկավոր է սեփական աշխատանքի վրա գերկենտրոնացած պաշտոնյա, որն առավելագույն ջանք է գործադրում իր առջև դրված խնդիրները լուծելու համար: Այստեղ կարևոր հանգամանք է նաև, որ մենք խթանում ենք պետական պաշտոնյաների կրթական մակարդակի շարունակական բարձրացումը: Սա, ըստ էության, ներդրում է շատ կարևոր մեր կրթական համակարգի հետագա զարգացմանը: Ես այսօր արդեն տեսնում և զգում եմ, որ մեր կրթական շուկայում նոր ծառայություններ են ձևավորվում, նոր առաջարկներ են անում, ինչը բերում է տնտեսական լրացուցիչ էֆեկտի»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ որոշ ժամանակ անց այդ բարեփոխման արդյունքում պետական համակարգում ծառայության անցնելու ավելի բարձր ստանդարտ սահմանենք: «Որակավորման ստանդարտը, որով մարդը կարող է մտնել պետական ծառայության, էականորեն պետք է փոխվի: Մենք պետք է բացառենք այն իրավիճակը, որ պետական համակարգում անցնում են աշխատանքի, որովհետև ավելի մրցունակ հատվածում չեն կարողացել աշխատանք գտնել. սրանից տուժում է պետությունը, և սրանից տուժում է հանրությունը»,- նշեց Փաշինյանը:
«Հաջորդ կարևոր քայլը, որը մենք պետք է այս ուղղությամբ իրականացնենք, պետք է առաջնահերթությունները կասկադավորել և իջեցնել մինչև առանձին աշխատակցի մակարդակ և գործուն գնահատման համակարգ ստեղծել ամեն մի աշխատողի համար, որպեսզի այդ կապերը գերատեսչության և առանձին մեկի անելիքի հետ կապված ավելի տեսանելի լինեն և նաև բարձրացնեն ամեն մի առանձին աշխատողի ներգրավվածությունը և իր առաքելության զգացումը ընդհանուր գործի մեջ: Կարծում եմ՝ դա առաջիկայում նաև մեր քաղծառայության համակարգի վերանայման շրջանակներում կարևոր անելիքներից մեկը պետք է լինի»,- նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Այս խնդիրը պետք է լուծենք նաև ՏԻՄ-ի մակարդակով: Սա պետության և համայնքի դասային աստիճանի մասին է: Մենք չենք կարող տարածքներ թողնել, որտեղ գեներացվեն պրոցեսներ, որոնք կառուցողական չեն: Հայաստանում չպետք է լինի իրավիճակ, որ գնացի գործի, եկա տուն, ստացա աշխատավարձ: Այդ ռեժիմից պետք է դուրս գալ: Պետք է աշխատավարձը լինի արդյունքի արտահայտություն: Հանրությունը ինչ է ստացել դրանից. դա պետք է լինի տեսանելի, շոշափելի»,- դիմելով ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: