Մենք ի սկզբանե կարծում ենք, որ այդ ուժերի գրանցումը պետք է չեղյալ համարվեր, որովհետև իրենք ընտրակաշառք էին բաժանում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխխոսակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընտրությանը մասնակցած ընդդիմադիր ուժերին:
«Բայց ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, մենք չենք ուզում, որ ընտրությունները չեղյալ համարվեն, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ է, մեր ձայները լեգիտիմ են, և մենք ձևավորելու ենք Կառավարություն:
Իշխանությունը լեգիտիմ է, իսկ ընդդիմության հարցը, ավելի ճիշտ՝ հանցագործների հարցը, պետք է լուծեն իրավապահները, և բոլոր ընտրակաշառք բաժանողները և ընտրակաշառքի սխեմայի բուրգի գլուխները պետք է պատասխանատվություն կրեն»,- նշեց Ռուբինյանը:
Նա ընդգծեց, որ նախագիծը, որով պետք է խստացվի ընտրակաշառքի պատիժը, նաև դրանով է պայմանավորված:
«Այդ թվում մենք հասկացանք, որ պետք է պատիժը խստացնենք, որպեսզի էլի ավելի քիչ մոտիվացված լինեն ընտրակաշառատուները՝ ընտրակաշառք տալու: Բայց օրենքը հետադարձ ուժ չունի. այդ պահին գործող օրենսդրությամբ են դատվելու:
Մենք ընդդիմությանը խորհուրդ ենք տալիս ինքնալուծարվել, այդ թվում խորհուրդ եմ տալիս չվերցնել մանդատներ, խորհուրդ եմ տալիս իրենց կուսակցությունները լուծարել, խորհուրդ եմ տալիս ինքնակամ ներկայանալ ոստիկանություն, և ովքեր ընտրակաշառք են բաժանել, հայտնել մեղայականով՝ այո՛, մենք ենք ընտրակաշառք բաժանել: Շատ ուրախ խորհրդարան կլինի. վերջապես մենք ստիպված չենք լինի 5 տարի անցկացնել մարդկանց հետ, ովքեր եկել են այստեղ զուտ իրենց ապօրինի ձեռք բերված գույքը պաշտպանելու համար կամ, հուսով եմ, դատվելիք ղեկավարությանը պաշտպանելու համար»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը: