Իրանի հետ նախնական գործարքը կնքվել է, ձեռք բերված համաձայնությունների մանրամասները կհրապարակվեն շատ շուտով՝ Յոթի խմբի գագաթնաժողովում Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը հայտարարել է Դոնալդ Թրամփը:
«Անչափ ուրախ եմ հայտնել, որ փաստաթուղթը ստորագրված է։ Հորմուզի նեղուցն արդեն մասամբ բաց է։ Այժմ ականների հարցն է լուծվում: Բայց նավերը փաստացի սկսել են դուրս գալ։ Հունիսի 19-ին նեղուցն ամբողջությամբ կբացվի և անվճար կլինի»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ Մերձավոր Արևելքում կարող են հիանալի իրադարձություններ տեղի ունենալ։ Նրա խոսքով՝ նավթի գներն իջնում են, շուկաների վիճակը բարելավվում է:
«Ու գլխավորն այն է, որ Իրանը միջուկային զենք չի ունենա, նրանք լիովին համաձայն են դրան: Հիանալի աշխատանք ենք կատարել, հուսով ենք՝ լավ հարաբերություններ կունենանք և ընդհանուր լեզու կգտնենք։ Իսկ եթե ոչ՝ կվերադառնանք այնտեղ, որտեղից սկսել էինք, բայց չեմ կարծում, որ դա անհրաժեշտ կլինի»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հավելել է, որ գործարքը հակաիրանական պատժամիջոցների մեղմացում չի նախատեսում, սակայն եթե, նրա ձևակերպմամբ, Թեհրանը համապատասխան վարքագիծ դրսևորի, դա արդյունքներ կտա:
«Դեռ պետք է տեսնենք՝ կարո՞ղ ենք արդյոք կարգավորել Լիբանանի հարցը, թվում է թե այն չունի վերջ: Բայց դա պետք է որ բարդ չլինի»,- հավելել է Թրամփը: