2025 թվականի համար և՛ միջազգային, և՛ հայաստանյան ինստիտուտները, և՛ պետական բյուջեով էականորեն ավելի պակաս տնտեսական աճի ցուցանիշ էր արձանագրված՝ 5,2 տոկոս, և 2026 թվականի փետրվարին, երբ Հայաստանի վիճակագրության կոմիտեն հրապարակեց մեր տնտեսական աճի ցուցանիշները, պարզվեց, որ տնտեսական աճը մոտ 2 տոկոսով գերազանցում է կանխատեսված ցուցանիշը: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 16-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես և ինչու կենսաթոշակները բարձրացնելու որոշում կայացվեց:
Ըստ Փաշինյանի՝ այս որոշման վրա իրենց դերն են ունեցել քաղաքական իրադարձությունները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը, հետագայում նաև խաղաղության հաստատումը Վաշինգտոնում, որոնք, ըստ Փաշինյանի, տնտեսական խթան են բերել:
«Այդ որոշումների և փոփոխությունների արդյունքում է, որ մենք իրականում կանխատեսվածից ավելի տնտեսական աճ ենք ունեցել»,- ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց նաև տնտեսական աճի թվերի մասին՝ ընդգծելով, որ 2018 թվականից մինչև այսօր տնտեսությունը 53 տոկոսով աճել է, ինչը, ըստ նրա, ահռելի մեծ թիվ է:
«Մեր մեծագույն քաղաքական խնդիրը և հանձնառությունն է, որ երբ այս ամբիոնից մարդիկ և պետական ինստիտուտներն ազդարարում են տնտեսական աճերի և զարգացման մասին, մարդիկ պետք է իրենց կյանքում կոնկրետության մեջ տեսնեն այդ աճերը:
Սա է պատճառը, որ արձանագրելով, որ 2025-ի տնտեսական աճը կանխատեսվածից շուրջ 2 տոկոսով ավելի է եղել, նաև հաշվի առնելով 2021 թվականին մեր տված նախընտրական խոստումը, ես որոշում եմ կայացրել, որ անմիջապես, որպես առաջին արձագանք, պետք է ՀՀ-ում լինի թոշակների բարձրացում:
Սա 2025 թվականի ցուցանիշ է, 2025 թվականի արձանագրման արդյունք է, և առաջին անգամ ունենք ավելի բարձր միջին կենսաթոշակ ՀՀ-ում, քան նվազագույն սպառողական զամբյուղն է»,- ասաց նա՝ միաժամանակ տեղեկացնելով, որ 2028 թվականից սկսած՝ վերանայելու են և առնվազն գնաճի չափով ինդեքսավորելու են կենսաթոշակը, որպեսզի այն այլևս սոցիալական նշաձողից ներքև չիջնի: