ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը այսօր Ինժեներական քաղաքում մասնակցել է Միկրոէլեկտրոնիկայի 20-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը, որի ժամանակ հանձնել է օլիմպիադայի այս տարվա հաղթող մասնակցի մրցանակը: Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:
«Իմ ելույթում ընդգծել եմ, որ այս մրցույթը երկու տասնամյակ շարունակ վկայությունն է այն բանի, որ Հայաստանը ոչ միայն մասնակցում է, այլև ձևավորում է համաշխարհային տեխնոլոգիական օրակարգը։
Նշել եմ, որ օլիմպիադան ձևավորում է միջազգային համագործակցության արժեքավոր միջավայր և զգալի ազդեցություն ունի ոլորտի զարգացման վրա: Սա հենց այն միջավայրն է, որտեղ ծնվում են ապագայի ինժեներները, գիտնականներն ու առաջնորդները:
Ընդգծել եմ, որ օլիմպիադայում գրանցած հաջողությունները պարզապես մրցույթի արդյունքներ չեն․ դրանք ներդրում են միկրոէլեկտրոնիկայի զարգացման, նոր գիտելիքների և աշխարհը փոխող տեխնոլոգիաների ստեղծման մեջ»,- նշված է գրառման մեջ։