Վերջին 3 ամիսներին Հայաստանում շարունակվել է աշխատատեղերի թվի աճը, և 2026 թվականի մայիսին մենք ունենք բոլոր ժամանակների պատմական առավելագույն գրանցված աշխատատեղերը: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 25-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մայիսին արձանագրվել է 823 հազար 584 աշխատատեղ: Նախորդ ցուցանիշը՝ երկրորդ ցուցանիշը, արձանագրվել է 2025 թվականի դեկտեմբերին՝ 822 հազար 662: Սովորաբար դեկտեմբերին պիկեր են լինում, բայց նաև մայիսին այսպիսի աճ ունենք, դա էլ շատ լավ և կարևոր ինդիկատոր է: Նկատի ունեմ՝ մեր տնտեսությունն իր աճի տեմպը շարունակում է:
Իհարկե, ինչ-որ ազդեցություններ կլինեն, բայց ուրախությամբ արձանագրում եմ, որ այդ թվում միջազգային կառույցները Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումներն ավելացրել են, և դա կապված է այն խոշոր ներդրումային ծրագրերի հետ, որ այսօր ՀՀ-ում իրականացվում է և պլանավորվում է իրականացնել:
Այս ամեն ինչն աշխատանքային իրավիճակ է, և ընդհանրապես այս ամեն ինչին մենք պետք է վերաբերվենք որպես աշխատանքային օրակարգ, առօրյա, խնդիրներ, որոնք պետք է լուծենք»,- ասաց նա: