OpenAI ընկերության պատվիրակության՝ հունիսի 23-26-ը Հայաստան կատարած այցի շրջանակում Երևանի պետական համալսարանում տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ շահառու 7 բուհերի ղեկավար կազմի, տեխնիկական և վարչական պատասխանատուների, ինչպես նաև ակադեմիական համայնքի ներկայացուցիչների հետ։
ՆԳՆ-ից հայտնում են՝ հանդիպումները նվիրված էին ՀՀ բուհերում ChatGPT Edu հարթակի ներդրման գործնական քայլերին, բուհական համակարգի պատրաստվածությանը, ինստիտուցիոնալ դերերի բաշխմանը, տեխնիկական կարգավորումներին, վերապատրաստումների կազմակերպմանը, ինչպես նաև այն նոր հնարավորություններին, որոնք արհեստական բանականության անվտանգ և նպատակային կիրառումը կարող է բացել բարձրագույն կրթության, հետազոտության և ակադեմիական կառավարման համար։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության, OpenAI-ի և Firebird ընկերության համագործակցության արդյունքում նոր ուսումնական տարվա մեկնարկին Հայաստանի կրթական, ինժեներական և գիտահետազոտական համայնքները կստանան ChatGPT Edu և Codex հարթակների շուրջ 50 հազար անվճար բաժանորդագրություն։
OpenAI պատվիրակության այցը մեկնարկել է ԿԳՄՍ նախարարությունում ոլորտի պատասխանատուների հետ հանդիպումներով, որոնց ընթացքում քննարկվել են Հայաստան–OpenAI կրթական գործընկերության հիմնական ուղղությունները։ Այցի երկրորդ օրը աշխատանքային քննարկումները շարունակվել են արդեն բուհական միջավայրում՝ ծրագրի անմիջական շահառուների մասնակցությամբ։
Բուհերի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում OpenAI-ի ներկայացուցիչները ներկայացրել են բարձրագույն կրթության համակարգում հարթակի փուլային ներդրման մոտեցումները, ծրագրի կառավարման կառուցվածքը, բուհերի ներգրավման ձևաչափերը և հաջողության հիմնական նախապայմանները։ Քննարկվել է, որ ծրագրի արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն տեխնիկական հասանելիության ապահովմամբ, այլև բուհերի ներսում հստակ պատասխանատվությունների բաշխմամբ, շարունակական հաղորդակցությամբ, վերապատրաստումներով և հետադարձ կապի հավաքագրմամբ։
Կազմակերպության ներկայացուցիչ Ալինա Լեոնը նշել է, որ OpenAI-ի թիմը համագործակցել է մի շարք երկրների, այդ թվում՝ Էստոնիայի, Ղազախստանի, Սլովակիայի և Հունաստանի կրթական համակարգերի հետ՝ ChatGPT-ի ակադեմիական կիրառության, անվտանգ և պատասխանատու օգտագործման, ինչպես նաև դասախոսների և ուսանողների կարողությունների զարգացման ուղղությամբ։
«Մենք աշխատում ենք կառավարությունների հետ՝ կրթական համակարգերում ԱԲ ներդրման հետ կապված հիմնարար փոփոխություններին աջակցելու նպատակով»,- նշել է OpenAI-ի ներկայացուցիչը՝ առանձնահատուկ կարևորելով նաև Հայաստանի փորձը միջազգային մակարդակով ներկայացնելու հնարավորությունը․-«Մենք ցանկանում ենք օգտագործել այս հնարավորությունը՝ Հայաստանն աշխարհին ներկայացնելու և ցույց տալու, թե ինչ է հնարավոր անել կրթության ոլորտում ԱԲ-ի կիրառմամբ»,- հավելել է նա։
OpenAI-ի ներկայացուցիչներն ընդգծել են նաև, որ ծրագրի հաջողությունը կախված է բուհերի ակտիվ ներգրավումից, հստակ կառավարման կառուցվածքից և ակադեմիական համայնքի հետ շարունակական աշխատանքից։
Ըստ ներկայացված մոտեցման՝ յուրաքանչյուր մասնակից բուհում անհրաժեշտ է ձևավորել ծրագրին աջակցող թիմ, ինչը թույլ կտա բուհերին ոչ միայն կազմակերպել հարթակի տեխնիկական հասանելիությունը, այլև ձևավորել դրա ճիշտ կիրառության մշակույթը․ ուսանողներն ու դասախոսները պետք է հստակ իմանան՝ ինչպես օգտվել հարթակից, ինչ նպատակներով այն կիրառել, ինչ սկզբունքներ և սահմանափակումներ հաշվի առնել, ինչպես նաև կիսվել հաջողված փորձով իրենց ակադեմիական համայնքների ներսում։
Քննարկվել է նաև հետադարձ կապի կարևորությունը․ բուհերի փորձը, կարիքներն ու դիտարկումները կարող են նպաստել ծրագրի շարունակական բարելավմանը և հայաստանյան կրթական միջավայրին առավել համապատասխան լուծումների ձևավորմանը։
Օրվա առանցքային բաղադրիչներից էր դասախոսների, վերապատրաստողների և ուսուցիչների հետ անցկացված աշխատանքային հանդիպումը, որի նպատակն էր զարգացնել կրթական գործընթացում արհեստական բանականության՝ հատկապես agentic AI գործիքների կիրառման կարողությունները։
Քննարկման առանցքում էր ոչ միայն ChatGPT Edu և Codex հարթակների գործառնական հնարավորությունների ներկայացումը, այլև այն, թե ինչպես կարող են դասախոսներն ու վերապատրաստողները դրանք վերածել ուսուցման, հետազոտության, ուսումնական նյութերի մշակման և ուսանողների հետ աշխատանքում կիրառելի գործիքների։
Հանդիպման ընթացքում կարևորվել է բուհերում և դպրոցներում «առաջամարտիկների»՝ champion-ների ցանցերի ձևավորումը։ Այս մոտեցումը հնարավորություն կտա ներգրավելու այն դասախոսներին, ուսուցիչներին և մասնագետներին, որոնք պատրաստ են փորձարկել ԱԲ նոր գործիքներ, մշակել տեղական կրթական միջավայրին համապատասխան կիրառական սցենարներ և իրենց փորձը փոխանցել գործընկերներին, այդ թվում՝ train-the-trainer (վերապատրաստողի վերապատրաստում) մոդելով։
Այցի շրջանակում OpenAI-ի ներկայացուցիչները նաև ճանաչողական այցեր կատարեցին դեպի հայաստանյան առանցքային գիտակրթական ենթակառուցվածքներ, այդ թվում նաև՝ պետական ֆինանսավորմամբ ԵՊՀ-ում 2026թ․ հունվարին գործարկված գերհամակարգչային կենտրոն, ինչպես նաև ծանոթացան ԵՊՀ-ում գործող, արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնող YerevaNN լաբորատորիայի աշխատանքներին։ ԵՊՀ գրադարանում շրջայցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացավ նաև հնատիպ գրքերի եզակի նմուշներին։
Առաջիկա ամիսներին հիմնական աշխատանքները կուղղվեն տեխնիկական միջավայրի պատրաստմանը, ինստիտուցիոնալ թիմերի ձևավորմանը, վերապատրաստումների կազմակերպմանը, օգտատերերի ակտիվացմանը և հետադարձ կապի հավաքագրմանը։
ChatGPT Edu-ի ներդրումը Հայաստանում կարող է դառնալ կրթության և գիտության թվային փոխակերպման նոր փուլ՝ առաջադեմ ԱԲ գործիքների հասանելիությունը համադրելով պատասխանատու օգտագործման սկզբունքներին, ակադեմիական կարողությունների զարգացմանը և ԱԲ-ի բովանդակային, անվտանգ և ստեղծարար ակտիվ կիրառման մշակույթի ձևավորմանը։