Կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով՝ գործադիրն ընդունել է որոշում։
Ըստ հիմնավորման՝ Արմավիրի մարզում նոր կառուցվող և վերանորոգվող թվով 5 դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումը ներառված է մարզի 2026 թ. առաջին կիսամյակի առաջնահերթություններում։
Կնքվել է պայմանագիր՝ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրարբիի միջնակարգ դպրոցի, Վաղարշապատ համայնքի Հովտամեջի միջնակարգ դպրոցի, Վաղարշապատ համայնքի Գեղակերտի միջնակարգ դպրոցի, Վաղարշապատ համայնքի Ամբերդի Հ. Նավասարդյանի անվ. միջնակարգ դպրոցի և Արմավիր համայնքի Այգեվանի Մ.Խորենացու անվան միջնակարգ դպրոցի տանող ճանապարհների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով։ Դպրոցները ներառված են նաև Կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզ» հնգամյա ծրագրում և ներկայումս գտնվում են կառուցման/հիմնանորոգման փուլում։
Այդ ճանապարհներով նախատեսվում է նաև 3 բնակավայրերից (Գտաշեն, Ջրաձոր, Արեգնադեմ) աշակերտների տեղաշարժ ապահովել դեպի Արեգնադեմ բնակավայրի նորակառույց կլաստերային դպրոց։