Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՊԵԿ-ի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված համագործակցությունը և քննարկել դրա հետագա խորացման, ընդլայնման, ինչպես նաև այն առավել համակարգված ու երկարաժամկետ ձևաչափով զարգացնելու հնարավորությունները։
Ողջունելով հյուրին՝ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերը ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության արժեքների ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ այդ սկզբունքները առանցքային նշանակություն ունեն Հայաստանի հարկային և մաքսային համակարգերի շարունակական բարեփոխումների համատեքստում։
ՊԵԿ նախագահը նշել է, որ Կոմիտեն հետևողականորեն իրականացնում է վարչարարության արդիականացման քաղաքականություն՝ նպատակ ունենալով ապահովել առավել թափանցիկ, հաշվետու և արդյունավետ համակարգ։ Այս գործընթացում առանձնահատուկ կարևորություն է տրվում բարեվարքության ամրապնդմանը, հակակոռուպցիոն մեխանիզմների զարգացմանը և հանրային վստահության ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի, կրիպտոակտիվների ոլորտում առկա ռիսկերի կառավարման, ինչպես նաև ծառայողական բարեվարքության և ինստիտուցիոնալ ամբողջականության ամրապնդման ուղղություններով համագործակցության խորացման հնարավորությունները։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ այն դարձնելով առավել համակարգված, կայուն և արդյունքահեն, ինչպես նաև նախանշել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ հետաքրքրվածությունը՝ շարունակելու երկխոսությունը և քննարկելու նոր նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը, հակակոռուպցիոն քաղաքականությունների զարգացմանն ու կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման և հակազդման մեխանիզմների ամրապնդմանը, ինչպես նաև խաղատների և շահումով խաղերի ոլորտում ռիսկերի կառավարման և վերահսկողության կատարելագործմանը, և բարեփոխումների հետևողական իրականացմանը։