Գործադիրը հաստատել է նաև պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ մասնագիտական ուսումնական հաստատությունների հատկացնելու կարգը։
Կարգի կիրարկումը կհանգեցնի կրթաթոշակային տեղերի համաչափ բաշխմանը, մի կողմից կկարգավորի որոշ մասնագիտությունների գերհագեցվածությունը, մյուս կողմից այլ՝ պահանջարկ ունեցող մասնագիտությունների սակավ զարգացման հնարավորությունները:
Ակնկալվում է, որ կարգի կիրարկումը կնպաստի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի կայուն զարգացմանը, պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը, կապահովի պետական քաղաքականության համապատասխանեցումը աշխատաշուկայի իրական պահանջներին: Մասնագիտությունների ցանկերի վերանայումը՝ տարածաշրջանային և ոլորտային զարգացմանը համապատասխան, կնպաստի աշխատաշուկայում պահանջարկ չվայելող մասնագիտությունների բաժինների փակմանը և պետության, ՀՀ մարզերի զարգացման համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող, ինչպես նաև աշխատաշուկայում առավել պահանջարկված ոլորտների գծով նոր մասնագիտությունների ընդգրկմանը ցանկերում, մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի մասնագիտությունների արդիականացմանը: