ԵԱՏՄ-ի հետ մենք շատ սերտ և ակտիվ աշխատում ենք, և այդ աշխատանքը կշարունակենք, որովհետև մենք այն կանխավարկածով չենք, որ այնտեղ ինչ-որ անշրջելի բան է տեղի ունեցել, և մենք հիմա պետք է այդ ուղղությամբ չնայենք: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 25-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատ ակտիվ աշխատելու ենք, և համոզված եմ, որ լուծումներ կլինեն, որովհետև եթե լուծումներ չլինեն, դա լրիվ ուրիշ բան է նշանակում առաջին հերթին ԵԱՏՄ-ի համար, որովհետև ուզում եմ հիշեցնել, որ ԵԱՏՄ-ն հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և ֆինանսների ազատ տեղաշարժի: Եթե դա չկա, նշանակում է, որ ԵԱՏՄ չկա, և ԵԱՏՄ-ն հարցին պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա: Մենք ասում ենք, որ ինքը կա, և մենք, այդ թվում որպես մասնակից պետություն, համարում ենք, որ ինչ-որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել, և տպավորություն է ստեղծվել, որ չկա ԵԱՏՄ-ն: Բայց եթե ԵԱՏՄ-ն կասի՝ ես չկամ այլևս, դե որ իրենք չկան, մենք ի՞նչ կարող ենք անել: Մենք կանք, և մենք ԵԱՏՄ-ի մեջ ենք, և աշխատում ենք ԵԱՏՄ-ում: Հիմա ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա: Եթե կասի՝ չկա, այսինքն՝ դե յուրե ուղիղ կամ նամյոկով կասի, որ չկա, դե մենք ի՞նչ անենք: Եթե կա, կա, եթե չկա, չկա»,- ասաց նա:
Այս համատեքստում Փաշինյանը նաև հայտարարեց, որ ԵԱՏՄ ձևաչափում քննարկելու բան կա, և որ առաջիկայում այդ առիթն օգտագործելու է, քանի որ այն, ինչ Հայաստանի դեպքում է տեղի ունենում, ԵԱՏՄ մի քանի երկրներում շատ լուրջ անհանգստություն է առաջացնելու:
«Մենք կառավարության նիստերին խոսում ենք դիվերսիֆիկացիայի պրոցեսների մասին, բայց ես համոզված եմ, որ ԵԱՏՄ մի շարք երկրներում այս նույն պրոցեսը տեղի է ունենում առանց հայտարարելու, որովհետև մարդիկ չեն կարող… Այն, ինչ տեղի է ունենում, իրենք գնահատելու են որպես ռիսկ, որն իրենց առաջ կանգնած է:
Հետևաբար ԵԱՏՄ ձևաչափում իրոք քննարկելու բան կա, և ես առաջիկայում այդ առիթը կօգտագործեմ այդ քննարկումը սկսելու համար: Ես նաև մեր գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ նրանք իմ բացակայությամբ ընդունել են, և պետք է հասկանանք՝ դա ի՞նչ է նշանակում գործնականում: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք՝ ԵԱՏՄ ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարո՞ղ է նման որոշումներ կայացնել, և ուղղակի մի օր արթնանալ և նման որոշումներ կայացնել:
Իմ գնահատմամբ՝ եթե այս հարցի պատասխանը «այո» է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին, և մենք պետք է այստեղից հետևություններ անենք: Շատ հստակ պետք է լինի պատասխանը՝ կա՞, թե՞ չկա: Եթե կա, մենք կդիրքավորվենք, եթե չկա, դիրքավորովելու կարիք էլ առանձնապես չի առաջանալու»,- ասաց նա: