Մարտի 1-ին Երևանի փողոցում իրականում գնդակահարվել է ոչ միայն ՀՀ քաղաքացին, այլև ժողովրդավարությունը: Մենք երկու նման սահմռկեցուցիչ հանցագործություն ունենք՝ «Հոկտեմբերի 27» և «Մարտի 1»: Այդ մասին Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործին առնչվող հանրային քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Ըստ քաղաքագետի՝ այս երկու հանցագործություններն օրգանապես կապված են, և որ երկրորդը հնարավոր դարձավ առաջինի անպատժելիության արդյունքում:
«Ժողովրդավարական ինքնիշխան պետության ապահովագրում տեղի չունեցավ «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման տեսքով, որովհետև երկու հոդվածների թիրախներում ժողովրդավարությունն էր, ժողովրդաիշխանությունն էր ու ինքնիշխանությունն էր, որովհետև ժողովրդավարությունը ինքնիշխանության ամենակարևոր մակարդակն է, և ժողովուրդն ինքն է որոշողը:
Երկու հանցագործություններն էլ կատարվել են Հայաստանին և Հայաստանի ժողովրդին թույլ չտալու համար կայացնել որոշում ո՛չ 1999 թվականին իր օրինական ընտրված իշխանությունների միջոցով՝ ի դեմս «Միասնություն» դաշինքի, ո՛չ 2008-ին, երբ ժողովուրդը պահանջում էր ապահովել իր իրավունքը՝ ձևավորելու իր իշխանությունը: Հետևաբար, եթե նույնիսկ Քրեական օրենսգրքում այդ հոդվածը կամ այդ սանկցիան չկա, բա ինչո՞վ ենք դատելու այս ծանրագույն հետևանքները, երբ այս հանցագործության թիրախում եղել է ՀՀ ժողովրդավարությունը, կոնկրետ՝ ինքնիշխանությունը»,- ասաց նա և ամփոփելով խոսքը՝ հայտարարեց, որ հանցագործության վերաորակումը պետք է օր առաջ տեղի ունենա: