2008-ից անցել է 17,5 տարի, և մենք ունենք ՄԻԵԴ-ի որոշումը: Ես ափսոսում եմ, որ այդ որոշումը կայացրեց ՄԻԵԴ-ը: Այդ որոշումը պետք է կայացներ ՀՀ-ն: Այդ մասին Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործին առնչվող հանրային քննարկման ժամանակ ասաց «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը:
«Կարծեմ, փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից գալիս միանգամից հավաքել էր ուժայիններին, հաթաթա էր տվել, և ուժայինները մի քիչ վախեցել էին: Այդ հաթաթան շատ ծանր նստեց մեր երկրի համար. դա ծնեց «Մարտի 1», որովհետև այդ հաթաթայից հետո պլանավորվեց կողծիքների մի ամբողջ համակարգ, որն իրականացվեց այն ժամանակվա ԱԱԾ կողմից: Դա կոչվում էր գործակալների կողմից ստացված տեղեկություն, որն իրացվեց ՆԳՆ-ի միջոցով: Դրանից հետո ԱԱԾ-ն մնաց ստվերում»,- ասաց նա:
Անդրանիկ Քոչարյանը նաև կոչ արեց, որպեսզի այս լսումները դառնան «Մարտի 1»-ի էջը փակելու հնարավորություն:
«ՄԻԵԴ-ը մեզ տվեց հնարավորություն՝ ասելու, որ Մարտի 1-ը բացահայտված է: Ինձ համար՝ որպես փաստահավաք խմբի անդամի, Մարտի 1-ը բացահայտված է, և մեր ժողովրդի համար Մարտի 1-ը բացահայտված է եղել: Կասկա՛ծ չկա: Գիտեն՝ որը որից հետո էր»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ սեպտեմբերին ՄԻԵԴ-ը հրապարակել էր «Մարտի 1»-ի գործով վճիռը, ըստ որի՝ ՀՀ իշխանությունները խախտել են զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը: