Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է ակնհայտը, որովհետև ես նախկինում էլ ասել եմ, որ, ըստ էության, Մարտի 1-ի գործը բացահայտված է: Այդ բացահայտման արդյունքները, իմիջիայլոց, այսօր քննարկվում են դատարանում: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Մարտի 1-ի՝ 9 զոհերի գործով ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել, արձանագրել է, որ բոլորի կյանքի իրավունքը խախտված է, 7-ի դեպքում արձանագրել է, որ նրանց մահը վերագրելի է պետությանը, և առհասարակ բոլորի դեպքում պետությունը մինչև դատարանի հետ հաղորդակցության պահին կատարած քննությունը եղել է անարդյունավետ, ոչ անաչառ և անկախ:
«Այլ բան է, որ ես կարծում եմ, հույս ունեմ, որ ՄԻԵԴ վճիռը նոր խթան և նոր ազդակ կլինի մեր իրավապահների համար, որպեսզի նրանք ի վերջո գտնեն ձևը նախ արդյունավետ դատավարության, նաև ապահովելու համար, որ Մարտի 1-ի ոճրագործներից որևէ մեկը ոչ թե ձևական, այլ իրական պատասխանատվությունից չխուսափի:
Կարծում եմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը կամ վճիռը լեգիտիմ առիթ է, որ մենք մի հատ էլ նայենք, լա՛վ, ինչքա՞ն կարող է ձգվել այս ամեն ինչը, ինչքա՞ն կարող է այդ դատավարությունը շարունակվել լղոզված պատասխաններով:
Էլի եմ ասում, որ Մարտի 1-ի ոճրագործությունը բացահայտված է, այդ քրեական հատորներում ամեն ինչի մասին ասված է»,- ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի ինը զոհերի գործով վճիռը՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության կողմից մի շարք խախտումներ։
Ըստ դատարանի միաձայն որոշման՝ բացի Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից, մյուս բոլոր զոհերի դեպքում հաստատվել է, որ պետության գործողությունները հանգեցրել են կյանքի իրավունքի խախտման։