ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, բարեկամական խմբի անդամներ Սիսակ Գաբրիելյանը, Ալխաս Ղազարյանը, Մարինա Ղազարյանը, Զարուհի Բաթոյանը, Գեղամ Մանուկյանը և Գաղամ Նազարյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել են Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը կարևորել է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը: Նա հույս է հայտնել, որ Աթանաս Զաֆիրովն իր նոր պաշտոնում կնպաստի Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրաշրջանառության ավելացմանը և ներդրումների աշխուժացմանը:
Բաբկեն Թունյանը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին՝ նշել է, որ երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը համագործակցության լայն դաշտ են բացում երկու երկրների գործարար կապերի զարգացման համար:
Աթանաս Զաֆիրովն իր խոսքում ընդգծել է Հայաստանի և Բուլղարիայի միջև երեսնամյա բարեկամությունը և ողջունել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը: Նա վերահաստատել է Բուլղարիայի պատրաստակամությունը Հայաստանին աջակցելու հարցում՝ եվրաինտեգրման գործընթացից մինչև էներգետիկա և այլ ոլորտներ:
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորությունը և այդ համատեքստում՝ վիզաների ազատականացման գործընթացը, որը կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը:
Կարևորվել է նաև մշակույթի, բարձր տեխնոլոգիաների, ավիափոխադրումների և այլ ոլորտներում փոխգործակցությունը: