ՀՀ ԱԺ հունիսի 17-ին գումարված հերթական նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխությունների նոր փաթեթ, որի նպատակն է կատարելագործել ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման արդեն գործող համակարգը:
Հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ նախագիծը միտված է հստակեցնել և կարգավորել այն մեխանիզմները, որոնցով ՀՀ հարկային մարմինն օտարերկրյա գործընկերներից ստանում է ՀՀ ռեզիդենտների բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև փոխադարձաբար տրամադրում համապատասխան տեղեկատվություն:
Ռաֆայել Գևորգյանի խոսքով օրենսդրական փոփոխություններով հստակեցվում են մի շարք, այդ թվում՝ «հաշվետու հաշիվ» և «հաշվետու ֆինանսական կազմակերպություն» հասկացությունները, որոնք այժմ ներառում են ոչ միայն բանկերը, այլև ներդրումային ֆոնդերն ու այլ ֆինանսական ծառայություններ մատուցող կառույցները:
Բացի այդ, ըստ նրա, նախատեսվում են ընթացակարգային փոփոխություններ, որոնց շրջանակում հաշվետու ֆինանսական հաստատություններում կիրականացվեն թեմատիկ հարկային ստուգումներ՝ ուղղված ֆինանսական հաշիվների տվյալների համապատասխանության ու ճշտության ստուգմանը:
Զեկուցողն ընդգծել է, որ Հայաստանը միջազգային կոնվենցիայի շրջանակում ֆինանսական տեղեկատվության փոխանակումն իրականացնում է արդեն մեկ տարի, և անցյալ տարի հայկական կողմը տվյալներ է փոխանակել ավելի քան 40 երկրների հետ՝ փոխադարձության սկզբունքով, նպատակ ունենալով հետագայում ընդլայնել այս ցանկը՝ ներգրավելով կոնվենցիային անդամակցող բոլոր պետություններին:
Նախագծով նաև սահմանվում են այն հետևանքները, որոնք կարող են կիրառվել ֆինանսական հաստատությունների նկատմամբ խախտումներ հայտնաբերելու դեպքում:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալեքսանդր Ավետիսյանը:
Հարցը քննարկվել է առաջին ընթերցմամբ: