Կառավարության՝ հունիսի 18-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքները 1 մլրդ 634 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով առաջարկվում է ֆինանսավորել 13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագրեր:
Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալ պատկերն ունի. Արագածոտնի մարզ՝ 1 ծրագիր, Արարատի մարզ՝ 3 ծրագիր, Արմավիրի մարզ՝ 4 ծրագիր, Գեղարքունիքի մարզ՝ 2 ծրագիր, Կոտայքի մարզ՝ 3 ծրագիր, Տավուշի մարզ՝ 3 ծրագիր:
«Այս համաֆինանսավորումը հաստատելու պարագայում արդեն 7 մլրդ 35 մլն դրամի համաֆինանսավորված ծրագրեր կունենանք 2026 թվականին պետական բյուջեից»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն աշխատանքները, որոնք կատարվել են և կատարվում են ֆինանսավորվող փաթեթի շրջանակում: Դրանք են՝ տարբեր համայնքներում ճանապարհների ասֆալտապատում, սալապատում, գազիֆիկացում, գազատարի կառուցում, մանկապարտեզի կառուցում և վերջինիս հարակից տարածքի բարեկարգում, մշակույթի տան նորոգում, ջրահեռացման համակարգի կառուցում, ճանապարհի և մայթեզրերի եզրաքարերի նորոգում ու փոխարինում:
Փաշինյանը նաև նշեց, որ ֆինանսավորման շրջանակում Իջևան համայնքում բազմաբնակարանային 4 շենքերի էներգաարդյունավետության արդիականացում է կատարվել, վերանորոգվել է շենքերի 12,599 քառակուսի մետր արտաքին մակերես: Այս համատեքստում վարչապետը կարևորեց էներգախնայողության ծրագրերը՝ ընդգծելով, որ պետբյուջեից ներդրված գումարը գնում է ուղիղ քաղաքացիների գրպանը. «Պետք է ավելի տաք բնակարաններ ունենանք ավելի քիչ էներգետիկ ռեսուրսի ծախսմամբ»:
Այս համատեքստում Փաշինյանը խնդիրը ներկայացրեց հանրապետության բոլոր պանելային շենքերի համատեքստում՝ նշելով, որ ծրագիրը պետք է վերաբերի հանրապետության բոլոր պանելային շենքերին. «Մենք պետք է խնդիր դնենք, որ լուծենք, չգիտեմ՝ դա ինչքան ժամանակ կտևի: Նույն բանաձևով, բնակչությունն էլ պիտի մասնակցի»:
ՏԿԵ նախարարը վերոնշյալ ծրագրերի ֆինանսավորման համատեքստում արձագանքեց. «Նախորդ տարի պատմական համաֆինանսավորում ենք ունեցել, շուրջ 60 մլրդ դրամի 2025 թվականին աշխատանք ենք իրականացրել, որոնց կեսից ավելին ֆինանսավորվել է պետական բյուջեից, իսկ ծավալների շեշտակի աճը պատկերացնելու համար ընդամենը կասեմ, որ հիմա շուրջ 1 տասնյակի մոտ համայնքներ ունենք, որոնց ասֆալտապատման հայտերը գերազանցում են 3 միլիարդը, 4 միլիարդը. դրանք այն հայտերն են, որոնք ներկայացվում են 2026 թվականի համար»:
Փաշինյանն անդրադարձավ նաև համայնքներում լողավազաններ կառուցելու նախաձեռնությանը, հիշեցրեց, որ Իջևանում սուբվենցիոն ծրագրով լողավազան է կառուցվել, բայց խնդիրներ են առաջացել, ջրի մաքրման ավելի հզոր համակարգի կարիք կա:
«Առնվազն այն քաղաքներում, որտեղ գոնե ավելի քան 3 ամիս լողալու սեզոն կա, այդ նույն ծրագիրը պետք է իրականացնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ խնդիր է դրված սկսել մարզկենտրոններից, բայց պետք է լինի նաև լողավազանը սպասարկող սխեմա՝ հանդերձարան և այլն: