Լեզվի ոլորտում ունենք ավելի մեծածավալ և հայեցակարգային փոփոխությունների կարիք, և մեր նախարարությունը Լեզվի կոմիտեի հետ աշխատանք է իրականացրել լեզվական քաղաքականության հայեցակարգի մշակման ուղղությամբ, որն առաջիկայում կներկայացնենք հանրության քննարկմանը: Սակայն այս փաթեթով մենք փորձել ենք կարգավորել այն հարցերը, որոնք ունեն առաջնային անհրաժեշտություն: Խոսքը եզրույթների կանոնարգման գործընթացին է վերաբերում: Այդ մասին Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 10-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Ըստ նախարարի՝ սա կարևոր առաջին քայլն է լեզվական քաղաքականության ճշգրտման և հստակեցման ուղղությամբ:
«Առաջարկում ենք լիազորող նորմ սահմանել՝ պետական փաստաթղթաշրջանառության մեջ կիրառվող, նաև մասնավորապես եզրույթների կանոնակարգման գործընթացի համար համապատասխան մասնագիտական հանձնաժողովի ձևավորման և այս գործընթացի կազմակերպման միջոցով: Սա ունի շատ պրակտիկ և կիրառական նշանակություն:
Այս ընթացքում բազում են եղել իրավիճակները, երբ մեր երկրի համար կարևորագույն գործընթացներում մենք հասկացությունների սահմանման և այս հասկացությունների միատեսակ օգտագործման կարևորագույն խնդիր ենք ունեցել, որը կապված է ամենատարբեր բնագավառների հետ, և այդ իմաստով կարծում ենք, որ այս նախագիծն ունի առաջնահերթ հրատապություն:
Հենց դա է պատճառը, որ հարկ ենք համարել առանձնացնել ամբողջական լեզվական քաղաքականության հայեցակարգը դրանից բխող օրենսդրական փոփոխությունների փաթեթից և ներկայացնել առանձին, որպեսզի կարողանանք ավելի արագ կարգավորումներ տալ կիրառական նշանակություն ունեցող հարցերին»,- ասաց նախարարը:
Պատգամավոր Գեղամ Նազարյանը լեզվին առնչվող այլ հարցից հետաքրքրվեց, այն է՝ պաշտոնական հանդիպումների ժամանակ հայերենը ոտնահարվում է: Նախարարն արձագանքեց՝ «Լեզվի մասին» օրենքը կարգավորում է նաև համաժամանակյա մոտեցմամբ այլ լեզվով խոսելը, և սա օրենքի շրջանակում է, բայց եթե կա որևէ դրսևորում, որն օրենսդրական կարգավորումներից դուրս է, նման հարցերով դիմում են նաև Լեզվի կոմիտե, և վարույթները քննվում են:
«Մեզնից յուրաքանչյուրը պետք է հայերենի նկատմամբ ունենա առանձնահատուկ վերաբերմունք, և ես շատ կարևորում եմ, որպեսզի սրանք ոչ միայն բառեր լինեն, այլև լինի գործնականում: Սա ասելով՝ նկատի ունեմ շատ պրակտիկ հարցեր, ինչպես, օրինակ՝ դասագրքերի լեզուն, բազմաթիվ տեքստեր, որոնք հայերեն բառերով և տառերով են, բայց հայերեն չեն: Այնպես որ, խնդիրները բազմազան են»,- ասաց նա: