Ճապոնիայում վերջերս կայացած խորհրդարանի արտահերթ ընտրությունում իշխող կոալիցիայի ջախջախիչ հաղթանակի արդյունքում երկրի խորհրդարանը Սանաե Տակաիչիին պաշտոնապես վերընտրել է վարչապետի պաշտոնում՝ հաղորդել է Kyodo-ն։
Տակաիչին ավելի ուշ կհայտարարի իր նոր կաբինետի կազմը։ Ակնկալվում է, որ բոլոր նախարարները, մասնավորապես արտաքին գործերի, պաշտպանության և ֆինանսների նախարարությունների ղեկավարները կպահպանեն իրենց պաշտոնները։
Ճապոնիայի առաջին կին վարչապետը հայտնի է իր «անվտանգության հարցում կոշտ հայացքներով»։ Նա, մասնավորապես, պաշտպանում է Ճապոնիայի 1947 թվականի Սահմանադրության 9-րդ հոդվածի վերանայումը, որը հռչակում է երկրի հրաժարումը ռազմականացումից։ Հաղթանակից հետո Տակաիչին հայտարարել է Ճապոնիայի սահմանադրությունը փոփոխելու ծրագրերի մասին, բայց մանրամասներ չի ներկայացրել։
AP-ի տվյալներով՝ Տոկիոյում քննարկում են ատոմային սուզանավեր մշակելու հնարավորությունը: Տակաիչին ցանկանում է մեծացնել հետախուզական տվյալների փոխանակումն ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ավստրալիայի հետ, նաև ուժեղացնել լրտեսության դեմ պայքարը Ճապոնիայում։
Associated Press-ը միաժամանակ նշել է, որ, ամենայն հավանականությամբ, Տակաիչիի առաջնային խնդիրները կլինեն գնաճի և լճացող աշխատավարձերի դեմ պայքարը, ընտրության պատճառով հետաձգված բյուջեի ընդունումը: Նորընտիր վարչապետն առաջարկել է նաև ուժեղացնել ներգաղթի և օտարերկրացիների նկատմամբ վերահսկողությունը։