Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի (ստորին պալատ) արտահերթ ընտրությունում հաղթանակ է տարել իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ), որը գլխավորում է վարչապետ Սանաե Տակաիչիին։
Reuters-ի տվյալներով՝ ԼԴԿ-ն ստացել է խորհրդարանի 465 տեղերից 316-ը: Դա 1947 թվականից ի վեր առաջին դեպքն է, որ Ճապոնիայի խորհրդարանում մեկ կուսակցությունը ստանում է տեղերի երկու երրորդը:
Ճապոնիայի առաջին կին վարչապետ Տակաիչին խորհրդարանի արտահերթ ընտրություն էր հայտարարել պաշտոնը ստանձնելուց ընդամենը մի քանի ամիս անց: 64-ամյա Տակաիչին հայտնի է իր աջակողմյան հայացքներով և համարվում է կոշտ պահպանողական, ազգայնական ու Սինձո Աբեի քաղաքական ժառանգորդը, որը սպանվեց 2022 թվականին՝ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո: Տակաիչին նախկինում երկու անգամ զբաղեցրել է ներքին գործերի և կապի նախարարի պաշտոնը։
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո նա խոստացել է վերանայել Ճապոնիայի անվտանգության և պաշտպանության քաղաքականությունը, ամրապնդել երկրի հարձակողական ռազմական կարողությունները և վերացնել զենքի արտահանման արգելքը։
Նա նաև խոստացել է նվազեցնել հարկերը, զարկ տալ երկրի տնտեսությանն ավելի մեծ ծախսերի միջոցով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ աջակցություն էր հայտնել Տակաիչիին, շնորհավորել է նրան հաղթանակի կապակցությամբ: Տակաիչին շնորհավորանքներ է ստացել նաև Հնդկաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի, Մալայզիայի, Սինգապուրի և այլ երկրների ղեկավարներից: