Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով նախաքննության փուլում կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել է։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։
«Քանի որ դատավորը փոխարինող է եղել, այդ պատճառով նա չէր կարող ինքնուրույն վերացնել խափանման միջոցը։ Դատավորը պարտավորեցրել է դատախազությանը՝ վերացնել կիրառված խափանման միջոցը»,- նշել են դատարանից։
Ի պատասխան 1lurer.am-ի հարցման՝ Դատախազությունից տեղեկացրել են, որ դատական ակտը ստանալուց հետո կքննարկվի վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը:
Հիշեցնենք՝ դատախազը նոյեմբերի 5-ին Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին (կաշառք ստանալը)։
Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա 1998-2010 թվականների ընթացքում ռուսաստանաբնակ գործարարից՝ Միխայիլ Բաղդասարովից, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, որը դրսևորվել է ՀՀ-ում արտոնյալ պայմաններով գործունեություն ծավալելու դիմաց ստացված եկամտի կեսը Սարգսյանին փոխանցելով: