ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է երիտասարդների հետ «Ռեստարտ» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը` շուրջ 200 մասնակիցներով Երևանից և մարզերից: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։
Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը հակիրճ ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթությունները, տարածաշրջանային զարգացումների, Ադրբեջանի հետ խաղաղության շարունակական ամրապնդման, գործընկերությունների զարգացման գործում ՀՀ առանցքային մոտեցումները։
Հաջորդիվ Արարատ Միրզոյանը հանգամանալից պատասխանել է ներկաներին հետաքրքրող շուրջ երկու տասնյակ հարցերի. ծավալված ակտիվ և անկեղծ զրույցի միջոցով քննարկվել են արտաքին քաղաքական բոլոր կարևոր հարցերը։ Դրանց շարքում էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության ամրապնդման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, առկա հարաբերությունների առնչությամբ՝ դրանց առավել ընդլայնման գործընթացները, տարբեր ուղղություններով ռազմավարական գործընկերությունների զարգացման հարցեր։
Ի թիվս այլ թեմաների, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ապաշրջափակման ծրագրերին, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման միջոցով ՀՀ համար բացվող նոր հնարավորություններին։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության հիմքում դրված են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները, փոխշահավետ հարաբերությունների և ՀՀ զարգացման օրակարգի հետևողական առաջ մղումը։ Ի պատասխան երիտասարդներին հուզող հարցերի, նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև հիբրիդային սպառնալիքների երևույթին, դրանց դրսևորումներին և արդյունավետ հակազդման մոտեցումներին։
Հաշվի առնելով, որ երիտասարդների հետ այս ձևաչափով հանդիպումը տեղի ունեցավ «Գրքի օրվա» նախաշեմին՝ նախարար Միրզոյանը հանդիպման ավարտին գրքեր է նվիրել քննարկմանն իրենց հարցերով առավել ակտիվ մասնակցած երիտասարդներին։