Հունաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Աթենք ժամանած նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասի առանձնազրույցը։
«Հունաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեն` պայմանավորված երկու երկրների քաղաքակրթական, մշակութային կապերով»,- առանձնազրույցի մեկնարկին նշեց նախագահ Վահագն Խաչատուրյանը։
.jpg)
«Ուրախությամբ արձանագրում ենք, որ մեր հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել ամենատարբեր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական։ Վերջին տարիները մեր երկրի համար դժվար էին, սակայն գործող իշխանությունը, Կառավարությունը, քաղաքական թիմը կարողացան հաղթահարել այդ դժվարությունները։ Ու դա արվեց նաև շնորհիվ մեր բարեկամ երկրների»,- ասաց ՀՀ նախագահը։
Վահագն Խաչատուրյանն ընդգծեց, որ Հայաստանի ձգտումն է մոտենալ եվրոպական արժեքներին։
ՀՀ նախագահն անդրադարձավ նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին, դրանից բխող հնարավորություններին, հատկապես Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։
Եզրափակելով խոսքը՝ ՀՀ նախագահը Հունաստանի նախագահին հրավիրեց Հայաստան։