Այո՛, կա ատելության խոսք, բայց ատելության խոսքը ոչ միայն այս խմբի նկատմամբ է, այլև բոլոր խմբերի: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 13-ի նիստին ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին, թե Հայաստանում կա՞ համակարգված ատելության խոսք ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ:
«Այն, որ կա ատելության խոսք, և այն, որ դրա դեմ պետք է պայքարել, վստահաբար ասում եմ,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը, ապա հավելեց,- տարբեր մեխանիզմներ կան՝ ատելության խոսքի համակարգվածությունը գնահատելու, հատկապես կարևոր է, որ հանրային գործունեություն իրականացնող անձինք ընդհանրապես չտարածեն խտրական խոսքի որևէ տեսակ, որովհետև համակարգված է դառնում խտրական խոսքն այն դեպքում, երբ հատկապես հանրային գործունեություն իրականացնող անձինք են դա տարածում, և երբ հատկապես ԶԼՄ-ներն են տարածում»:
ՀՀ ՄԻՊ-ն ընդգծեց՝ կարևոր է նաև հանրային գործունեություն իրականացնող անձանց կողմից խտրական խոսքի տարածումը բացառելը:
Ըստ Մանասյանի՝ երբ ՀՀ-ում «թուրք», «եզդի», «քուրդ» բառերը կամ այլ էթնիկ պատկանելության անվանումներ օգտագործվում են որպես վիրավորանք, դա դիտարկում են նաև միջազգային մարմինները: «Օրինակ՝ Եվրոպայի խորհրդի՝ Ռասիզմի դեմ կոմիտեն հատուկ արձանագրել է, որ Հայաստանում էթնիկ պատկանելության հիմքով ատելության խոսք կա»,- նշեց նա: