ՀՀ-ում կա շուրջ 1500 հեկտար ջերմոց և ջերմատուն, որից ժամանակակից տեխնոլոգիաներով է գործում ավելի քան 250 հեկտարը: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 6-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների հիմնման համար որոշման նոր նախագիծ:
«2019-2024 թվականներին ջերմատնային տնտեսությունների աջակցության ծրագրերի շրջանակում հաստատվել է 56 հեկտար ջերմատուն հիմնելու հայտ, որից միայն ՀՀ ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում 2024 թվականին՝ 15,3 հեկտար: Ծրագրի թիրախային ցուցանիշ է սահմանված մինչև 2026 թվականի ավարտը՝ 35 հեկտար ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների հիմնում»,- ասաց նա:
Տրամադրվող աջակցությունը կնպաստի շուրջ 4-5 հեկտար տարածքով ջերմատների հիմնմանը, քանի որ տրամադրվում է առավելագույնը 3 մլրդ դրամի վարկ: Ըստ նախարարի՝ ավելի խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնող շահառուների համար գործող աջակցության գործիքը հնարավորություններ չի ընձեռում:
«Նախագծով հնարավորություն է ստեղծվում խոշոր ջերմատնային տնտեսություններ հիմնել, դրա համար տրամադրել շահառուներին մինչև 15 մլրդ դրամ սուբսիդավորվող վարկ, որը հնարավորություն է տալու 1 շահառուի համար հիմնելու մինչև 20 հեկտար տարածքով ջեմատուն: Նախարարությունն այս պահին նման հայտեր ունի: Ընդ որում՝ տրամադրված վարկի մինչև 3 մլրդ ՀՀ դրամ մասնաբաժինը կսուբսիդավորվի գործող 10 տոկոսային կետով, 3-9 մլրդ դրամի մասնաբաժինը՝ 9 տոկոսային կետով, 9-15 մլրդ դրամի մասնաբաժինը՝ 8 տոկոսային կետով»,- ասաց նախարարը՝ նշելով, որ նախագծի ընդունումը կխթանի խոշոր ջերմատնային տնտեսությունների կառուցումը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց մանրամասն լուսաբանել թեման, որպեսզի տնտեսվարողները տեղյակ լինեն ծրագրից: