Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են անձի ֆունկցիոնալության գնահատման, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության, խնամքի ծառայությունների որակի բարելավման, կենսաթոշակային ապահովության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր․ կարևորվել է նաև Միասնական սոցիալական ծառայության և Վրաստանի սոցիալական համապատասխան գործակալության միջև սերտ համագործակցության զարգացումը։
Միխեիլ Սարջվելաձեն առաջարկել է դիտարկել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը։ Նախարար Թորոսյանը ողջունել է գործընկերոջ առաջարկը՝ պատրաստակամություն հայտնելով ֆորումը հյուրընկալել Հայաստանում։
Այցի ընթացքում կարևորվել է նաև փորձի փոխանակման շարունակականության ապահովումը․ նշվել է, որ երկու երկրների ոլորտային մասնագետների և փորձագետների փոխայցելությունները զգալիորեն կնպաստեն կառավարման հմտությունների բարելավմանը, փորձի փոխանակմանը և համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը։