37 տարի մայրաքաղաքի միակ ճոպանուղին Նորք թաղամասը կապում էր Երևանի կենտրոնին՝ օրական տեղափոխելով մոտ 500 ուղևոր։ Վերջին անգամ 19 տարի առաջ՝ 2004-ին են Ամառանոցային 66-ից մարդիկ հնարավորություն ունեցել ճոպանով իջնել Չարենցի 1/4: 2. Ներկայում, սակայն, Նորքում գտնվող շինության դռները փակ են, ներսը՝ դատարկ, իսկ Չարենցում գտնվող այս շինությունը վերածվել է աղբանոցի: Տարիներ առաջ այստեղ փակցված էր «վաճառվում է» վահանակը, սակայն այսօր այն անհետացել է:
Երևանի ճոպանուղին բացվեց 1967 թվականին։ Նշանակությունը և՛ տրանսպորտային էր, և՛ զբոսաշրջային։ Այն գործեց մինչև 2004-ի ապրիլի 2-ը, երբ Երևանի կենտրոնից դեպի Նորք բարձրանալիս վագոնը 15 մետր բարձրությունից ընկավ Ամառանոցային փողոցի առանձնատներից մեկի բակ։ Վթարի հետևանքով 11 ուղևորներից 5-ը մահացավ։
Վարդան Տարախչյան (բնակիչ) - Վթարը տեղի է ունեցել անմիջապես իմ պատին կից գտնվող հողամասում: Ես քաղաքից բարձրացա տուն, հետքերը վերացրել էին` բացառությամբ մնացորդների, ջարդված վագոնախցիկի մնացորդների, որ դեռ տեղում էին, իսկ զոհերին կամ վիրավորներին տեղափոխել էին:
Միջադեպի գործով միակ մեղադրյալը «Երևանի ճոպանուղի» ընկերության գործադիր տնօրեն Գրիգոր Ջանյանն էր, ում մեղադրանք առաջադրվեց տրանսպորտային միջոցները տեխնիկական անսարքություններով շահագործման բաց թողնելու հոդվածով։ Ջանյանը դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման, խափանման միջոց ընտրվեց չհեռանալու ստորագրությունը:
2007-ին ճոպանուղին օտարվեց ռուսաստանաբնակ Ռոբերտ Եղիազարյանին։ Կապ հաստատել սեփականատիրոջ հետ և ճոպանուղու ճակատագրի հետ կապված նրա պլանները ճշտել չհաջողվեց: Մասնագետները, սակայն, վստահ են` կառույցը որպես ճոպանուղի շահագործել այլևս հնարավոր չէ, քանի որ այն հատվածում, որով այն երթևեկում էր, այժմ տներ են կառուցված:
Սաշուր Քալաշյան (Հայաստանի վաստակավոր ճարտարապետ) - Ես որևէ հեռանկարային բան չեմ տեսնում, բացի քանդելուց, որովհետև կողքին համալսարանն է Մաշտոցի, և դրա կողքին այն անիմաստ մի կառույց է, որն ուղղակի հիմա` այս պահին, աղբանոցից բացի, այլ դերակատարություն չունի:
Ճոպանուղու ճակատագրին վերաբերող հարցերի պատասխաններ ստանալ հնարավոր չեղավ նաև պետական որևէ գերատեսչությունից: «Լուրերի» հարցերին ի պատասխան` բոլորը պնդում էին, որ այն մասնավորեցված է։ ՀՀ օրենքով՝ սեփականությունը հասարակության և պետության կարիքների համար օտարել հնարավոր է այն գերակա հանրային շահ ճանաչելու դեպքում: Օտարումը պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով և օտարվող սեփականության դիմաց պետք է տրվի նախնական համարժեք փոխհատուցում: Սակայն ոչ Կառավարության, և ոչ էլ քաղաքապետարանի ռազմավարության մեջ նման ծրագիր դեռ չկա: Փոխարենը Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ «ՌԻԴ» ընկերության կողմից ներկայացվել է նախագիծ՝ «Թումո» կենտրոնի հարևանությամբ համայնքապատկան հողատարածքներում ճոպանուղու կայարան ստեղծելու մասին. ըստ նախագծի՝ Հալաբյանից այն կմիանա «Մանկական երկաթուղի» այգուն:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան