ԿԳՄՍ նախարարության և «Արվեստի ջատագովման համայնք» մշակութային հասարակական կազմակերպության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ կարևորելով ստեղծարար ոլորտների զարգացման ուղղությամբ համագործակցությունը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Արվեստի ջատագովման համայնք» մշակութային ՀԿ նախագահ Սեդա Գրիգորյանը: Արարողությանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Հուշագրի նպատակն է ստեղծել Հայաստանում մշակույթի և ստեղծարար արդյունաբերության զարգացման համագործակցության կառուցվածքային շրջանակ՝ հատուկ շեշտադրելով ստեղծագործողների համար արդար, թափանցիկ և տվյալահեն էկոհամակարգի կառուցման կարևորությունը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է հուշագրի ստորագրումը՝ որպես պետություն-մասնավոր հատված համագործակցության հերթական օրինակ՝ վստահություն հայտնելով, որ այն կնպաստի Հայաստանում մշակույթի և ստեղծարար արդյունաբերության զարգացման նոր հեռանկարների բացմանը:
Հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն մշակութային մասնակցության և ստեղծարար արդյունաբերության վերաբերյալ հետազոտական նախագծեր մշակելու և իրականացնելու, ոլորտային ռազմավարությունների և օրենսդրության մշակման և կատարելագործման փորձագիտական խորհրդատվություն տրամադրելու ուղղություններով՝ միտված արվեստագետների և մշակույթի ոլորտի մասնագետների իրավունքների և աշխատանքային պայմանների բարելավմանը:
Հետազոտական նախագծեր իրականացնելու նպատակն է բացահայտել Հայաստանում մշակույթի սպառման առկա վիճակը, միտումները և հիմնախնդիրները՝ համեմատական կտրվածքով դիտարկելով մայրաքաղաքի և մարզային համայնքների, ինչպես նաև քաղաքային և գյուղական բնակավայրերի միջև եղած տարբերությունները։
Հետազոտությունն իրականացվում է «Արվեստի ջատագովման համայնք» ՀԿ-ն՝ ԿԳՄՍ նախարարության պատվերով, Շվեդիայի արվեստների դրամաշնորհների կոմիտեի ArtNexus ծրագրի և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ՝ Հայաստանի մշակույթի զարգացման հիմնադրամի և The Audience Agency լսարանի հետազոտության մասնագիտացած կազմակերպության հետ համագործակցությամբ:
«Արվեստի ջատագովման համայնքը» (Advocacy Society for the Arts) հայկական մշակութային և ստեղծարար արդյունաբերութունների ոլորտներում գործող կառույց է: Կազմակերպությանն աջակցում են Շվեդիայի արվեստների դրամաշնորհների կոմիտեի ArtNexus ծրագիրը, ՀԲԸՄ Հայաստանը և JHM հիմնադրամը: