ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ չնայած Իրանի շուրջ զարգացումների պատճառով ստեղծված էներգետիկ խնդիրներին և գնաճին՝ չեն պատրաստվում գործարք կնքել Ռուսաստանի հետ:
«Եթե Բրյուսելը վերսկսի Մոսկվայի հետ բիզնեսը, ավելի շատ պատերազմներ կլինեն։ Նման փորձ ունեցել ենք: Ուստի պետք է շատ զգոն լինենք և չտանք այն, ինչ Ռուսաստանն ուզում է, քանի որ նրանց ախորժակը միայն կմեծանա»,- կարծիք է հայտնել Կալասը։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է՝ չնայած ԱՄՆ-ը Եվրոպայի դաշնակիցն է՝ իրենք այդքան էլ չեն հասկանում ամերիկյան կողմի վերջին գործողությունները:
«Մեզ հետ չեն խորհրդակցել, չենք հասկանում Իրանում պատերազմի նպատակները: Միևնույն ժամանակ, պատրաստ ենք ներդրումներ կատարել մեր հարաբերությունների մեջ: Բայց տանգոն մենակ չեն պարում»,- ընդգծել է պաշտոնյան:
Կալասը հավելել է՝ վերջին տարին ապացուցեց, որ ամենաարդիական բառը «անկանխատեսելիությունն» է: