Առաջարկվում են կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է երկու ուղղություններով փոփոխություններին. առաջինը հավաստագրման գործընթացի միասնականացումն է: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Նախադպրոցական, հանրակրթության և մասնագիտական կրթության բնագավառներում հաստատությունների ղեկավարման համար հավաստագիր է պահանջվում: Կատարվել են համապատասխան փոփոխություններ, որոնք միասնական ձևով են սահմանում հավաստագրման դիմելու համար անձին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հավաստագրի դադարեցման դեպքերը և ընդհանուր մոտեցումները: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացնելով «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Նախարարի խոսքով առաջարկվում է նախադպրոցական, հանրակրթության և մասնագիտական կրթության բնագավառների օրենքներում հավաստագրման պահանջները վերանայել և հղում կատարել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 40.1-ի հոդվածին, որով սահմանվում են միասնական ստանդարտները: Զեկուցողը նշել է, որ դա հնարավորություն կտա միասնական քաղաքականություն վարել և հետագայում հավաստագրման քննության անցկացման ընթացակարգերը մոտեցնել միմյանց:
Օրենսդրական փաթեթով նախատեսվող հաջորդ փոփոխությունը վերաբերում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքին, որով առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երկու տարիքային շեմ է առաջարկվում. ընդհանուր առմամբ 4-6 տարիքի երեխաների համար սահմանվում է նախակրթարան, իսկ այն բնակավայրերում, որտեղ կա միակ նախադպրոցական ծառայություն, հնարավորություն ընձեռել ապահովելու 3-6 տարեկանների համար նախակրթարանների գործունեությունը:
Կարգավորումը հնարավորություն կտա ընդլայնելու նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը և ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը՝ ըստ Կառավարության ռազմավարական նպատակների:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է հանձնաժողովի մարտի 17-ի նիստում և ստացել դրական եզրակացություն:
Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը: