Հայաստանի Հանրապետությունը «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրել է 2014 թվականի սեպտեմբերի 18-ին: 2026 թվականի փետրվարի վերջի դրությամբ կոնվենցիան ստորագրել է 44 պետություն:
ԱԺ-ից հայտնում են, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ կոնվենցիան մարզական մրցումների կազմակերպման նոր որակ սահմանելու հնարավորություն է ընձեռում:
Կարգավորումներ են նախատեսվում՝ խրախուսելու մարզական կազմակերպություններին, մարզական խաղադրույքների օպերատորներին, մրցույթների կազմակերպիչներին և յուրաքանչյուր այլ կազմակերպությանը՝ մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարելու ընթացակարգեր ու կանոններ սահմանելու համար, այդ թվում՝ ազգային օրենսդրության համապատասխանեցման միջոցով: Մասնավորապես, դրանք ներառում են շահերի բախման կանխարգելում՝ արգելելով մրցումներում ներգրավված շահառուների խաղադրույքներ կատարելը, ինչպես նաև ներքին տեղեկատվության չարաշահումը:
Խրախուսում է նախատեսվում նաև մարզական կազմակերպություններին՝ ընդունելու և իրականացնելու համապատասխան միջոցառումներ՝ ապահովելու մեքենայությունների ռիսկի ենթակա մրցումների արդյունավետ մշտադիտարկում, կասկածելի գործունեության անհապաղ զեկուցում համապատասխան մարմիններին:
Կոնվենցիայով սահմանված են կարգավորումներ այն անձանց շրջանակի վերաբերյալ, ում մասնակցությունը մարզական խաղադրույքներին պետք է սահմանափակվի: Այն ներառում է արգելքներ խաղադրույքների արտադրանքում ներգրավված անձանց խաղադրույքներ կատարելու, մարզական կազմակերպությունների հովանավորների կամ սեփականատերերի կողմից իրենց դիրքի չարաշահման, ինչպես նաև մրցումների շահագրգիռ կողմերի կամ խաղադրույքների օպերատորների կողմից կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու նկատմամբ:
Քանի որ մեքենայությունները խաթարում են սպորտի էթիկական հիմքերը, կոնվենցիան կարևոր դեր ունի բարոյական չափանիշներն ամրապնդելու գործում: Համատեղ պայքարի արդյունավետության համար կոնվենցիան խթանում է համագործակցությունը տարբեր երկրների պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների միջև:
Կարևորություն է տրվում կրթական ծրագրերին և հանրության իրազեկմանը՝ սպորտում չարաշահումները կանխարգելելու նպատակով:
Կոնվենցիան նախատեսում է նաև համաչափ միջոցների ամբողջական համալիր՝ դրամական տույժերից մինչև գործունեության արգելք՝ կախված այն հանգամանքից, թե մեքենայությունների ինչ տեսակի մասին է խոսքը:
Նախատեսվում է ստեղծել հսկիչ հանձնաժողով, որը նաև ամեն տարի երկրից զեկույց է ստանալու այնտեղ տիրող իրավիճակի և արձանագրված հարցերի վերաբերյալ:
Նշվել է, որ հետագայում օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտություն կլինի:
«Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու հարցը քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 17-ի նիստում և արժանացել դրական եզրակացության: