Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը տեկտոնական սալերի տեղաշարժման պատճառով առաջացած լարման հետևանք է:
Սերգեյ Նազարեթյան (ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ) - Արաբական սալը տարեկան 2.5 սմ արագությամբ շարժվում է դեպի հյուսիս՝ ճզմելով Անատոլիային, որը շարժվում է դեպի արևմուտք, և Կովկասին, որը սեղմվում է: Կոլիզիայի գոտի են ասում: Բախման գոտում է գտնվում Կովկասը, փաստորեն, ենթարկվում է ճզմման:
Այդպիսով, բեկվածքներում կուտակվում են լարումներ, որոնք, ի վերջո, պարպվում են երկրաշարժերով:
ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանի խոսքով` արևելաանատոլիական կոչվող այս բեկվածքի մասին հայտնի է վաղուց: Թուրքիայի մասնագետները դրա սեյսմիկ պոտենցիալը գնահատել էին մինչև 8 մագնիտուդ: Գրանցվեց 7.8:
Սերգեյ Նազարեթյան - Քանի որ այս բեկվածքը, որի հետ կապված է այս երկրաշարժը, շրջանցում է ՀՀ տարածքը, հավականությունը, որ այն պատճառ դառնա ՀՀ տարածքում ուժեղ երկրաշարժի առաջացման, աննշան է:
Այդ հավանականությունը չկա երեք խոշոր երկրաբանական բլոկներում՝ Անատոլիա, Կովկաս և Իրան:
Նման ուժգնության երկրաշարժերը, օրինաչափ է, ունենում են տասնյակ հազարավոր հետցնցումներ: Սպիտակի երկրաշարժից հետո մինչև հիմա սեյսմիկ սարքերը գրանցել են 14 հազար հետցնցում: Հետցնցումների հիմնական մասը գրանցվում են առաջին երկու տարում:
Արևելաանատոլիական բեկվածքի վերջին երկրաշարժը մեր տարածաշրջանում գրանցված ուժեղագույն երկրաշարժերից է: Ավելի ուժգին ցնցումներ գրանցվել էին 1939 թվականին:
Սերգեյ Նազարեթյան - Համեմատելու համար ասեմ, որ Սպիտակի երկրաշարժի մագնիտուդը 7.0 էր, Վրաստանում տեղի ունեցան երկու երկրաշարժեր՝ 91 թվականին Ռաչա Իմերեթի երկրաշարժը՝ 7.1 մագնիտուդ, Կովկասյան լեռներում՝ Վրաստանի տարածքում, Բարիսախոյի երկրաշարժը` 6-ից ավելի, և 1999 թվականին եղավ Իզմիթի երկրաշարժը՝ Ստամբուլի մոտ, որը 7.2 էր մագնիտուդը: Այսինքն՝ 7.8-ից սրանք բոլորը բավականին հեռու են: Իսկ Իրանի տարածքում եղավ Ռուբարիի երկրաշարժը, մագնիտուդը էլի զիջում էր էս երկրաշարժի մագնիտուդին:
Սերգեյ Նազարեթյանն ընդգծում է՝ երկրաբանական երևույթները տևում են շատ երկար՝ միլիոնավոր տարիներ: Ապագայում էլ կշարունակվեն, ու մարդը գոնե առայժմ չի կարողանում ազդել այդ գործընթացների վրա: Երկաշարժի հանգեցնող երկրաբանական գործընթացները դանդաղ են տեղի ունենում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Սպիտակի երկրաշարժի հզորությամբ երկրաշարժեր ամբողջ երկրագնդի վրա լինում են տարեկան 10-15 հատ, իսկ 7.8-8 մագնիտուդ ունեցող երկրաշարժեր՝ 3 հատ:
Հեղինակ` Աննա Զախարյան,