Թեհրանը հանդես է գալիս ոչ թե ժամանակավոր հրադադարի, այլ պատերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական ավարտի օգտին՝ Kyodo News-ի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարարը, նշել՝ մի քանի երկիր փորձում է հանդես գալ որպես միջնորդ հակամարտության ավարտի համար:
Աբբաս Արաղչիի խոսքով՝ Թեհրանը բաց է ցանկացած նախաձեռնության համար և պատրաստ է դիտարկել առաջարկները: Չնայած շարունակվող դիվանագիտական ջանքերին՝ Միացյալ Նահանգները դեռևս պատրաստակամություն չի ցուցաբերել իրական կարգավորման համար՝ հավելել է նախարարը:
Անդրադառնալով Հորմուզի նեղուցը փակելու վերաբերյալ մեղադրանքներին՝ նա հայտարարել է, որ նեղուցը փակ չէ նավագնացության համար, և Թեհրանը պատրաստ է ապահովել ճապոնական նավերի անվտանգ անցումը Տոկիոյի հետ համապատասխան խորհրդակցություններից հետո: Արաղչին պարզաբանել է, որ անցման սահմանափակումները տարածվում են միայն այն նավերի վրա, որոնք պատկանում են Իրանի վրա հարձակումներին մասնակցող երկրներին: